▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր մարտահրավերը ինքնասպանություններն ու սպանություններն են». Սուրեն Պապիկյան

«Չէի ուզենա, որ բանակում ցավալի դեպքերը վերածենք վիճակագրության»,- այս մասին ԱԺ-ում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ բանակում խաղաղ պայմաններում ոչ մարտական գործողությունների հետևանաքով զոհերի թվի վերաբերյալ:

Նախարարի խոսքով՝ Զինված ուժերում ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր, զինվորական ծառայության մեջ գտնվելով՝ քաղաքացիական կյանքում կարող են տարբեր միջադեպերի հետևանքով մահանալ։

«Մեր մարտահրավերն այս շարքում, իրականում, ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- հավելեց նախարարը։

***

«Բացի «Զինուժ» ծրագրից և առանձին փոքր դրվագներից՝ չկա ԶՈՒ հեղինակության բարձրացման հասարակական գործողություններ»,- այս մասին ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երբ որ առավոտից գիշեր փառատոններ՝ չստիկով ճանճ սատկացնելու կամ ձվածեղի փառատոններ են անում, Զինված ուժերի և Հայոց բանակի ստեղծման օրը սահմանափակվում են միայն նախագահականում պարգևատրման արարողություններով, բայց հասարակությունը դրանից տեղյակ չէ:

Մեր բանակի նկատմամաբ ամեն անզգույշ արտահայտություն բանակի հեղինակազրկման փորձ է»,- նշեց պատգամավորը:

***

«Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող որակյալ ռեսուրսը ներգրավել Զինված ուժերի կարևոր ուղղություններում, մասնավորապես, սահմանային զորամասերում ու հատուկ կարևորություն ունեցող զորամասերում»,- այս մասին ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Օրինակ կարող ենք բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասերը, մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ և արագ կարող են համալրել ԶՈՒ շարքերը և իրենց նպաստը բերել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ՊՆ-ն խրախուսում է, որ պահեստազորից կարողանան համալրել կարևոր զորամասերը։

***

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:

Զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով ՝ Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար այդ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ:

Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում:

Նախագծով՝ զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք կսահմանվի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար:

«Առաջարկվում է սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը: Կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմաններն ու վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները»,-ներկայացրեց Արմեն Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее