1in.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Գարիկ Հ.-ի և Հարութ Ա.-ի գործի քննությունը:
25-ամյա Գարիկը մեղադրվում է դանակի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով:
24-ամյա Հարութը մեղադրվում է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Առավել ծանր հանցավոր արարքի համար մեղադրվող Գարիկի խափանման միջոցը կալանավորումն է, իսկ Հարութի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Հանցավոր արարքների հետևանքով տուժած անձը նույնն է: Եվ երկու հանցավոր արարքները նույն անձի նկատմամբ կատարվել են միաժամանակ…
Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին:
Երիտասարդի նպատակը, ելնելով նրան առաջադրված մեղադրանքից, ոչ թե մարմնավաճառուհու ծառայություններից օգտնվելն էր, այլ… ավազակային հարձակմամբ մարմնավաճառուհու գույքը հափշտակելը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:
Այդ ընթացքում Գարիկը մարմնավաճառուհուն հրել է դեպի մոտակա ցանկապատը:
Մարմնավաճառուհին նույնպես հրել է Գարիկին, կարողացել է ազատվել նրանից, մի քանի մետր հեռանալ ու բջջային հեռախոսով ցանկացել է զանգահարել:
Սակայն Գարիկը նորից մոտեցել է, «բռնի ուժով մարմնավաճառուհու ձեռքից հափշտակել է մոտ 30 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը»:
Նույն այս պահին, երբ Գարիկը քաշքշում էր Կարինեին, նրա ընկեր Հարութը ցանկացել է օգտվել ստեղծված իրավիճակից:
Ըստ մեղադրանքի՝ Գարիկին դիմադրող մարմնավաճառուհու գույքը բացահայտ հափշտակելու նպատակով Հարութը մոտեցել է նրան, ձեռքը մտցրել է նրա բաճկոնի գրպանն ու բացահայտ հափշտակել է 3 հատ 1000 դրամանոց, 6 հատ պահպանակ և «Վիպ» հյուրանոցի այցեքարտը:
Կարինեն գոռացել, օգնություն է կանչել:
Կնոջը լռեցնելու համար, ըստ մեղադրանքի, Հարութը մի քանի անգամ ապտակել է նրան՝ գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:
3 հազար դրամի ու 6 հատ պահպանակների կողոպուտը, ըստ մեղադրանքի, Հարութն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանների կողմից:
Այս գործով առաջիկա նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում