Այսօր Երևանի նախկին քաղաքապետ(1962-75 թթ)Գրիգոր Հասրաթյանի ծննդյան օրն է(1919-2001):
Մարդը գնում է, բայց մնում է գործն ու հիշատակը: Ժողովուրդը նրան մատուցում է իր հարգանքն ու խոնարհումը, գնահատում այն վաստակը, որ անհատը ժառանգել է իր երկրին: Սակայն ժողովրդի սերը նվաճելու համար նույնիսկ անձնվեր ծառայությունները բավարար չեն: Սիրո համար մարդիկ պահանջում են փոքր-ինչ ավելին: Ու հենց այդպիսի բացառիկներն են, որոնց մասին հիշողությունները ներծծված են լինում ջերմությամբ և խորին ափսոսանքով: Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը հենց այդ բացառիկ անհատականություններից էր: 13 տարի շարունակ՝ 1962-75 թթ. նա մեր մարաքաղաքի քաղաքապետն էր, և չկա որևէ չափազանցություն այն պնդումներում, որ հատկապես Հասրաթյանի ղեկավարության օրոք Երևանը արժանացավ իր նկարագրով և էությամբ քաղաքամայր կոչվելու պատվին:
Երևանը ոչ միայն կառուցապատվեց, այլև բարեկարգվեց, շենացավ, բարձրացվեց մի մակարդակի, որով մենք իրավամբ հպարտանում ենք: Հատկապես նրա ղեկավարման շրջանում կառուցվցին այն կոթողներն ու շեքերը, որոնք համարվում են մայրաքաղաքի այցեքարտերը: Հառնեցին բնակզանգվածներ ու հուշարձաններ, հյուրանոցներ ու կամուրջներ, շատրվաններ և ուսումնական հաստատություններ, վերանորոգվեցին փողոցներ ու ջրմուղներ:
Թվարկենք միայն մի քանիսն այն կարևորագույն նախաձեռնությունների, որոնք կյանքի կոչվեցին Հասրաթյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, և արդեն իսկ ակնհայտ կդառնա, թե ով էր նա մեր քաղաքի համար թե իբրև պետական գործիչ և թե իբրև հայրենանվեր անհատ: Եթե խոսենք թվերի լեզվով (ինչն այսօր շատ է ընդունված), ապա նրա ղեկավարման տարիներին կառուցվել է 3 մլն քմ. բնակմակերես, ինչը թույլ է տվել երեւանցի 90 հազար ընտանիքների բարելավել բնակարանային պայմանները: Հասրաթյանի ժամանակ հիմնվեց Երևանի մետրոպոլիտենը, Նորքի ճոպանուղին, Կարապի լիճը, Օղակաձև զբոսայգին, Սայաթ-Նովա փողոցը, Ժամանակակից արվեստի թանգարանը, մանկական պատկերասրահը... Հիմա նույնիսկ անհնար է առանց այս ամենի պատկերացնել մեր քաղաքը: Թող չստեղծվի այն տպավորությունը, թե այդ ամենը նրան տրվում էր հեշտությամբ, առանց լուրջ խոչընդոտների ու դժվարությունների: Որպեսզի մերօրյա երևանցիների համար առավել հասկանալի լինի, թե ինչպիսի արգելքներ էր պետք հաղթահարել, բերենք այնպիսի մի իրավիճակի օրինակ, որը շատերին արդեն ծանոթ է: Այն օրերին նույնպես մի շարք փողոցներ հիմնելու համար անհրաժեշտություն էր ծագել քանդել բազմաթիվ հյուղակներ: Ու թեկուզ կենցաղային վատ պայմաններում, բայց քաղաքի կենտրոնում ապրողներին տեղահանելը համարվում էր այնքան անիրագործելի խնդիր, որ նույնիսկ հանրապետության ղեկավարները հեշտությամբ չհամաձայնվեցին այդ առաջարկին:
Սակայն Գրիգոր Հասրաթյանը այն քաղաքապետն էր, որ կարողացավ ոչ միայն իր հեղինակությամբ համոզել բնակիչներին, այլև ապահովել նրանց նոր բնակարաններով ու կյանքի կոչել իր նպատակը՝ վնաս ու անհարմարություն չպատճառելով ոչ մեկին: Նա և պետական, և ազգային գործիչ էր, այնքան կիրթ մարդ, որ խորապես գիտակցում էր մշակույթի նշանակությունը, ինչը երբեք չհամարեց երկրորդական: Հասրաթյանն ուներ ղեկավարման իր ուրույն ոճն ու գործելակերպը, որով կարողանում էր իր շուրջը հավաքել տաղանդաշատ մարդկանց: 1975 թ. նրան անարդարացիորեն ազատեցին զբաղեցրած պաշտոնից, սակայն Հասրաթյանը դա չհամարեց աշխարհից խռովելու և ձեռքերը լվանալու պատճառ: Հետագա տարիներին, որտեղ էլ նա աշխատեց, շարունակեց հանդես բերել նույն կենսառատ ջիղն ու ոգին, որն իր էության անբաժանելի մասն էր: 1979-ին նա նշանակվեց Հուշարձանների պահպանության վարչության պետ: Այդ պաշտոնում նրա գործունեության տարիներին մասնակի կամ ամբողջապես վերականգնվեցին տասից ավելի եկեղեցիներ, որոնց թվում՝ Դորբանդի Ս. Աստվածածին, Կապուտանի Ս. Մինաս, Հաղբատի վանքի կուսանաց անապատի, Հացառատ գյուղի Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր Լուսավորիչ, Մորո ձորի Ծռվիզի Ս. Աստվածածին, Մռավյան գյուղի և Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցիները... Նվիրյալ գործչի բազմաբեղուն, անմոռաց ու ազգանվեր գործունեության մասին կարելի է անվերջ պատմել: Եվ այսքանից հետո ինչպե՞ս ցավով չարձանագրել, որ «Հայկական հանրագիտարանի» (քառահատոր) էջերում այդպես էլ տեղ չի գտել Գրիգոր Հասրաթյանի անունը, նույնիսկ մի քանի ժլատ տողերով չի հիշատակվել նրա անձն ու գործը: Մխիթարենք մեզ նրանով, որ ժողովրդի սիրո և հիշողության գրքում այդ անունը գրվելու է խոշոր տառերով և մնալու է մշտապես:
Հեղինակ` Մ. Քրիսթափորյան