▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսայինի ավագ տեսուչը բռնություն է գործադրել ճանապարհային ոստիկանության ծառայողի նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել  իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող  Վարդան Ռուբենյանի նկատմամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Վարդան Ռուբենյանը և Հրաչյա Ասատրյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս-Աբովյան ավտոճանապարհով երթևեկելու ժամանակ կանգնեցրել են Ա. Մնացականյանին փաստացի պատկանող, սակայն վերջինիս կնոջ անվամբ հաշվառված և նրա կողմից վարվող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան:

Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա. Ղուկասյանին, ով փնտրելուց հետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ: Տեսուչ Հ. Ասատրյանը պարզաբանել է, որ վարչական վարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենան պետք է բերման ենթարկվի հատուկ տարածք:

 Ավտոմեքենայի ուղևոր,  ոչ սթափ  վիճակում գտնվող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայող Ա. Մնացականյանը, ոստիկանության աշխատակցի՝ մեքենան հատուկ տարածք տեղափոխելու օրինական պահանջը ցավագին ընդունելով, վիճաբանության մեջ մտել Հ. Ասատրյանի հետ:

Վիճաբանության պատճառը պարզելու նպատակով իրենց է մոտեցել ոստիկան Վարդան Ռուբենյանը, ում հետ ևս Ա. Մնացականյանը վիճաբանության է բռնվել, որի ընթացքում մաքսային ծառայողը բռնություն է գործադրել  իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակից Վ. Ռուբենյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее