«Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Դաշնակցությանը տրամադրելու, իմա՝ Դավիթ Լոքյանին նախարար նշանակելու համար: Ընդամենը մի Ազգային ժողով եւ մի ամբողջ Դավիթ Լոքյան: Ընդամենը պետական կառավարման մի խղճուկ համակարգ եւ մի ամբողջ հարյուրքսանհինգամյա կուսակցություն: Եվ ազգային իղձեր, որոնք չեն իրականանա, եթե ՀՀԿ-ն Դաշնակցության հետ երկարաժամկետ համագործակցություն չհաստատի:
Բայց ինչպես ՀՀԿ-ն՝ իր իշխանության բոլոր տարիներին, ՀՅԴ-ն էլ՝ պատմության ողջ ընթացքում, «ազգին ծառայում են» ոչ թե իրենց, այլ պետության, հասարակության հաշվին: Որովհետեւ դժվար է ազգին ծառայել արդեն իսկ գոյություն ունեցող ռեսուրսներով, առանց այն էլ ուռճացված պետական կառավարման համակարգի շրջանակներում: Դրա համար պետք է հարկատուների հաշվին ստեղծել եւս մեկ նախարարություն՝ իր փոխնախարարներով, վարչության պետերով, քարտուղարուհի-վարորդներով, որպեսզի ծառայությունն ավելի անձնվեր ու անմնացորդ լինի:
Երեկ ԱԺ-ում օրենսդրորեն ամրագրվեց այն, ինչը կոչվում է պետական շահերի ստորադասում/ծառայեցում կուսակցական շահերին: Երկու տարի առաջ «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման» հիմնավորմամբ միավորված նախարարությունը կրկին տարանջատվեց, որպեսզի բավարարվեն առանձին վերցրած երկու կուսակցությունների՝ իշխող ՀՀԿ-ի ու իշխանության ձգտող ՀՅԴ-ի կուսակցական շահերը:
Պետական կառավարման արդյունավետության հաշվին: Հարկատուների հաշվին, այսինքն: Այդ օրինագիծը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն ամենայն անկեղծությամբ հայտարարում էր, որ նախարարությունը տարանջատվում է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այսպիսով, նաեւ օրենսդրորեն արձանագրվեց այն իրողությունը, որ Հայաստանում ոչ թե կուսակցությունները, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն են ծառայում պետությանը, այլ հակառակը՝ պետությունն է ծառայեցվում այդ միավորներին:
Եվ սա դեռ միայն սկիզբն է: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նոր են սկսել կյանքի կոչել նոր Սահմանադրությունը, որը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, քաղաքական նպատակահարմարությունների ժողովածու է: Ինչ վերաբերում է նախարարություններին, ապա վերջին շրջանում աֆրիկյան եւ արաբական որոշ երկրներում մոդայիկ է դարձել Երջանկության նախարարությունների ստեղծումը: Հայաստանում եւս կարելի է նման նախարարություն ստեղծել եւ Երջանկության նախարար նշանակել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ հենց նրան քաղաքականությունից հեռացնելու շնորհիվ հնարավոր դարձավ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայիս համագործակցությունը: Հիմա եւ՛ Ծառուկյանն է երջանիկ՝ զբաղվում է իր սիրած գործով՝ բիզնեսով, եւ՛ իր հեռացումի արդյունքում շահած ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում