▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսեք ինչ եմ ասում, ընկեր միլիցիոներ

- Եթե էն տղին չտաք մեզ հիմա կիջնենք բոլորովս ռելսերին.

խրոխտ ասում է տիկինը միլցիոներին, որը սարսափած նայում է մեկ մետրոյի ռելսերին, մեկ տիկնոջը, մեկ նրա հետևում հավաքված մի քանի հարյուրյակ հոգուն, որոնք լռում են միայն, երբ առաջնորդ տիկինն է խոսում, իսկ երբ չի խոսում, այնպիսի վայնասուն են բարձրացնում, որ համոզվում է միլցիոները, որ սրանք կիջնեն ռելսերի վրա։

- Ի՞նչ արեցիք էն տղին։ Ասեք հենց հիմա։ Բերեք հանձնեք մեզ:

- Տիկին ախր ասացի, մեր մոտ չէ, ԿԳԲ-ն տարավ իրենց մեքենայով։ Մեզ միայն հրամայված էր պահել, մինչև գան։ Գնացեք ԿԳԲ։ Այնտեղ է ձեր տղան.

ասում է կապիտան միլիցիոները հուսալով, որ կհավատան ու չեն իջնի ռելսերի վրա, բայց հույսն անմիջապես չքանում է, որովհետև ղժում է ինչ որ մեկն ամբոխից.

-Ժողովուրդ խափում են տեղ չեթաք։ Թաղեմ ազիզդ, մենք ինչ իմանանք որտեղ է Մոսկվայում ԿԳԲ-ն։ Մեզ այստեղից հեռացնում եք, որ էն տղին տանեք, չտեսնենք։

Մետրոյի կայարանը գրաված ժողովուրդը թնդում է հաստատակամ։

- Լսեք ինչ եմ ասում ընկեր միլիցիոներ.

ասում է առաջնորդ տիկինը։

- Մենք մոսկվացիներ չենք, հայեր ենք, քաղաքը լավ չգիտենք ու չենք վազվզելու դես ու դեն ու ցիր ու ցան լինենք մեր տղային ազատելու համար։ Եթե դուք նրան 10 րոպեից չհանձնեք մեզ, իջնում ենք ռելսերին ու չասեք, որ չենք նախազգուշացրել։

Ոստիկանը սարսափած հայացքն ուղել է ռելսերին։ Նա հասկանում է, որ մոսկովյան մետրոն մեկ հանգույց է, որ եթե մի կանգառ խցանվեց կկանգնի ամբողջ մետրոն և ըստ էության ամբողջ Մոսկվան ու չի կարողանում պատկերացնել անգամ թե քանի աստղ կկորցնի ուսադիրներից, եթե դա պատահի։ Նա ախր այդքան աստղ էլ չունի։

- Սիրելի ընկերուհի, խնդրում եմ ձեզ հանդարտվեք, հանգստացրեք ժողովրդին, նրանք ձեզ լսում են, սպասեք մի քիչ, ես իմ ղեկավարությանը հայտնեմ ձեր պահանջները։ Մենակ խնդրում եմ ռելսերին մի իջեք, ամբողջ մետրոն կանգ կառնի։ Շատ եմ խնդրում սպասեք, լա՞վ։

- Մենք ձեզ տալիս ենք 10 րոպե, ոչ ավել: Դրանից հետո առանց զգուշացման իջնում ենք ռելսերին բոլորով։

Միլիցիոները վազում է, հետևից վազում են մի քանիսն էլ, մյուսները մնում են մադկանց աչալուրջ հսկելու։

Թաղեմ ազիզդ։ Տեսա՞ք ոնց վախեցավ։ Չուտեն մենակ էն երեխի գլուխն էս արնախումները։

***

Այս ամենը պատահեց հեռավոր 88-ին, երբ ծնողներս ինձ ուղարկեցին Մոսկվա ասպիրանտուրա ընդունվելու, իսկ ես դրա փոխարեն հայտնվեցի անմիջապես Վագանկովսկի գերեզմանոցում ընթացող հայերի միտինգներում ու անգամ որոշեցի ելույթ ունենալ։ Էն ժամանակ ես ամենախելոքն էի, ամեն ինչ գիտեի, մնում էր որ բոլորին ասեի, որ իրենք էլ իմանան ու վերջ, լուծվեն ցեղային մեր բոլոր խնդիրները։

Բարեբախտաբար միտինգավոր ձևացող մեր հայ չեկիստները չթողեցին որ երկար խոսեմ, որովհետև հայտնի չէ թե ինչ հիմարություն դուրս կտայի, բայց այնուամենայնիվ Կրեմլը ավիրելու վերաբերյալ մի քանի նախադասություն ասել հասցրի ու հերթական անգամ սարքեցի գլխիս պատմություն, ու նաև միտինգին հավաքված հարգարժան հասարակության, որովհետև ցույցերը վերահսկելու համար հրավիրել էին անգամ շրջակա քաղաքների անվտանգությունը, և երբ միտինգից հետո, մոտակա մետրոյի կայարանում, գեղանի սեռի բազում ներկայացուցչի քաղաքավարի ճամփա զիջելուց դեպի վագոնի բաց դուռը մտան թևերս ասելով

- խնդրում ենք չաղմկել։ Դրանից միայն ավելորդ գլխացավանք կսարքեք ձեր գլխին, որովհետև ուժ կկիրառենք,

բոլորովին չզարմացա:

Եթե սա դեռ ուժի կիրառումը չէ.

մտածում եմ ոտքերս գետնից կտրված, դես ու դեն հանդարտ նայող երկու հեռախոսի բուդկի չափ ռուս ոստիկանի հետ թևանցուկ.

- ուրեմն այն սաստիկ ցավոտ կարող է լինել, եթե հանկարծ կիրառեն։

- Սուս փուս սպասում եմ։ Պաուզան տևում է մինչև վագոնի դռների փակվելն ու գնացքի չքվելը թունելի երախում, իսկ ոստիկաններն ինձ տանում են այդ ընթացքում իրենց մեկուսարանը մետրոյի կանգառում, հրավիրում նստելու ինչ որ աթոռի և ասում.

- սպասեք այստեղ։ Ձեր հետևից գալիս են ԿԳԲ-ից։

***

Նստած ողբում եմ բախտս ու կորցրել եմ հույսն ամեն փրկության: Ներս է ընկնում հանկարծ ԿԳԲ-ի մի գնդապետ, դեմքը այլայլված ու մի տեսակ խանգռականաչած։ Ներկայանում է գրքույկը դեմքիս առաջ բաց պահելով.

- Կարո՞ղ եք ասել, որ ձեզ մատով չեն կպել այստեղ։

- Ու՞մ ասեմ։

հարցնում եմ զարմացած, աչքս կտրելով գրքույկում նրա անուն ազգանունից։

Ես մեկուսարանում նստած դեռ չեմ իմանում, որ ցեղակիցներիցս մի 400 հոգի, մեկը մեկին ձեն տալով իջել են մետրոյի հաջորդ կանգառում, նստել են հետ եկող գնացքը, վերադարձել ու պահանջում են ոստիկաններից, որ իրենց տղին իրենց ետ տան, թե չէ նստում են ռելսերին։

- Դե ձերոնց էլի։ Ժողովրդին։

- Մերոնք ո՞վ են։

- Ձերոնք, հայերը, հավաքվել են մետրոյում, պահանջում են, որ ձեզ հետ հանձնենք իրենց, թե չէ կնստեն ռելսերին։ Մենք ձեզ բաց կթողենք անմիջապես, միայն հայտնեք նրանց որ ձեզ չենք վիրավորել որևէ կերպ։ Չէ՞ որ իսկապես չենք կպել մատով: Խնդրում եմ հանգստացրեք մարդկանց, լա՞վ։

- Հա, ինչու՞ ոչ։ Գնանք:

***

Դուրս եմ գալիս մետրոյի ոստիկանության մեկուսարանից ու հայտնվում ցեղիս ջերմ գրկերում ու բուռն ծափահարության։ Ես բեմն այդ ակնթարթից եմ սիրում երևի։

- Վա ՜յ աման հեսա էն տղեն…

- Հա մորքուր ջան հես եմ

- Բաց թողին ժողովուրդ...

- Հա տատի ջան, բաց թողեցին։ Շնորհակալություն:

- Բալա ջան ո՞նց ես, հո չեն ծեծել։

- Չէ հոպար, չեն ծեծել։

- Ծեծած կլինեն հաստատ, վախենում ա երեխեն ասի։

- Չէ, չէ  հորքուր ջան…

- Բալա ջան վախիլ մի, ասի։ Թե թակալ են ասի, մունք դրանց մուխը կմարենք հիմա…

- Չէ տատ, չէ պապ ջան, չէ հորքուր ու մորքուր, քեռի ու հոպար, ես որ ձեզ ունեմ ինձ ո՞վ կարա թակի։ Ճիշտ եմ ասում։ Մատով չեն կպել…

Լսեք ինչ եմ ասում ընկեր միլիցիոներ: ԱՇԽԱՐՀՈՒՄՍ ԱԽ ՉԻՄ ՔԱՇԻԼ

Չէ՞ որ բոլորով ռելսերին նստելու զարմանահրաշ ունակություն ունեք դուք՝ ՑԵՂ:

Այսօր հիշել եմ այս պատմությունը, որովհետև հեռուստացույցով տեսել եմ 88-ին ցեղիս սարսափից կանաչած գնդապետ չեկիստին կրկին, որը պատմություն մտավ չեչենների գլուխները զուգարաններում ջարդելու երդում ուտելով ու հիշողությունս վերարտադրել է նրա ծառայողական գրքույկի պատկերը, որը դեմ էր տվել ներկայանալիս մոսկովյան մետրոի մեկուսարանում.

Պետական Անվտանգության Կոմիտե, Գնդապետ, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին

03.04.2009, Սթոքհոլմ

Վահե Ավետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее