▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրացվել է Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը

Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։ 

            Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Առաքելյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է  դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև՝ անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

            Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Առաքելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը լրացվել է ևս 2 մեղադրանքով։

            Ի լրումն սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին  մասով նախկինում առաջադրված մեղադրանքի՝ այսօր  նրան մեղադրանք է առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее