Այսօր` հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում զինվորական համազգեստով մի երիտասարդ է իրենց մոտ բերվել:
Այս մասին գրում է shamshyan.com-ն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում Կապանի Սպանդարյան փողոցում` Դավիթ Բեկ թփաղամասի թիվ 10 շենքի հարևանությամբ, «Ռենո Լուտեքսիա» մակնիշի 64 OD 180 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտու մայթեզրի էլեկտրասյանը և, ըստ տեղեկությունների, զինվորական համազգեստով երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել նշված ավտովթարի հետևանքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արշակունյանց 50/1 շենքի բնակիչ Լիլիթ Կարապետյանի անվամբ: Ըստ տեղեկությունների` վիրավորը Լևոն Ալեքսանյանն է, ով զինծառայող է:
Փաստի առթիվ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունք` հետագա ընթացքը լուծելու համար:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` ավտոմեքենայի վարորդին և այլ մանրամասներ ճշտելու ուղղությամբ:
Լիլիթ Կարապետյանի մեքենայով ենթարկվել են վթարի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet