Մենք անելանելի դրության մեջ ենք, պետք է փոխենք Փաշինյանին: Երկիրը պետք է պատրաստ լինի հարձակման դեպքում պաշտպանվելուն, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ամբողջ օրը մենք լսում ենք հայհոյանքներ Ռուսաստանի հասցեին, չափազանցված պատկերացումներ Արևմուտքի մասին, մինչդեռ պետք է լավ լինենք երկուսի հետ էլ՝ հիշելով, որ այնուամենայնիվ, Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,-ասաց նա:
Բագրատյանի խոսքով, վերջերս շատ բուռն քննարկումներ եղան Կառավարությունում, պայմանավորված այն հանգամանքով, որ Մհեր Գրիգորյանը ձախողել է բանակցությունները և չի տիրապետում քարտեզներին: Հրանտ Բագրատյանի խոսքով, Մհեր Գրիգորյանը տեղյակ չէ այն որոշումների մասին, որոնցով այս կամ այն հողը մեզ է պատկանում:
«Այսքանից հետո Ալեն Սիմոնյանը տեսե՛ք՝ ինչ ստորություն է անում, հրապարակում է քարտեզ, հետո ադրբեջանցիներն ասում են՝ էն լավ քարտեզը հրապարակի, որտեղ կան անկլավները, և նա հրապարակում է ու ասում ՝ սա է ՀՀ-ն, մենք ոչինչ Հայաստանից չենք տալիս: Ախպեր ջան, 4+4 ֆորմուլան հասկացե՞լ ես: Դա նշանակում է՝ 4 գյուղ տալիս ենք առանց անկլավի, որովհետև էդտեղ իբր թե ադրբեջանցիներ են ապրել, դրանից հետո 4 հատ էլ անկլավ ենք տալիս: Պետության 2-րդ դեմքը սա չգիտի, կամ էլ դավաճան ա: Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Ալեն Սիմոնյանի նման տպերի հետ անհնար է աշխատելը»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, Ալիևն ասում է, որ իրեն քարտեզներ պետք չեն, որովհետև ոչ մի քարտեզով Հայաստանը Ադրբեջանին ոչինչ չունի տալու:
«Բա եթե բոլոր տեսակի քարտեզները չեն անցնում, Փաշինյանը ի՞նչ ա ասում 1991 թվականի հռչակագիր: Ադրբեջանն ասում ա սահման չկա, թքած ունեմ 1991 թվականի հռչակագրի վրա: Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք: Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի»,-հավելեց ՀՀ նախկին վարչապետը: