Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդ հարցերն իրենց լուծումը կգտնեն երկխոսության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ, որում նա նշել էր, որ «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել»։ «Աշխատանքային մակարդակի երկխոսություններ են ընթանում։ Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ հարցերը, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում, իրենց լուծումը կգտնեն երկխոսության շրջանակներում»,- ասել է Պեսկովը։ *** |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: «Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք կան օրակարգում»,- ասել է Պեսկովը։ «Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են շատ ինտեգրացիոն ձևաչափեր, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Բնականաբար, նման սերտ երկխոսության ընթացքում կարող են խնդիրներ ի հայտ գալ»,- հավելել է նա։ *** |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցության մասին հարցին։ Նա խնդրել է հարցն ուղղել Երևանին։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ երդմնակալության նախնական ամսաթիվը մայիսի 7-ն է։ *** |
Զգուշացնում ենք Արևմուտքի վտանգավոր դերի մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երևանի ու Բաքվի միջև տարածքային բոլոր վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը։ Հարավային Կովկասում բարգավաճման համար բոլոր մեխանիզմները կան, առաջին հերթին խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածությունների մասին է։ Մեր կողմից մշտապես պատրաստ ենք աջակցել Երևանին և Բաքվին՝ գտնելու փոխըմբռնելի լուծումներ։ Ընդ որում, զգուշացնում ենք Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այսօր կեղտոտ խաղ է սկսում տարածաշրջանում՝ իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է Զախարովան։ *** Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի՝ իրականացնելու իր ներքին քաղաքականությունը, սա ակնհայտ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը։ «Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների։ Դա ոչ թե հանուն սեփական շահի խաղ էր, այլ իսկապես իրական ներդրում՝ տարածաշրջանի ապագայի համար։ Իր չարությունից, խանդից ելնելով, որ տարածաշրջանում կարող է խաղաղություն հաստատվել, Արևմուտքը սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի՝ իրականացնելու իր ներքին քաղաքականությունը»,- ասել է Զախարովան։ |
Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի՝ «Հայաստանը ոչ մի սխալ քայլ չի արել ՌԴ-ի նկատմամբ» հայտարարությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet