▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կեղծիքներ՝ հանուն Գագիկ Ծառուկյանի»-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական վարչություն

Հետք․am-ը գրում է․ «Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը և Երևան համայնքի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պնդում են, որ Երևանի Աբովյան 5/5 հասցեի կառուցապատմանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերը ստորագրելով՝ անօրինական որևէ բան չեն արել։ Ավելին՝ մեր գրավոր հարցումներին ի պատասխան նշել են, որ փաստաթղթերը ստորագրել են որպես գերատեսչության և համայնքի ղեկավարներ, ոչ որպես անհատներ։ Այդկերպ նրանք կատարվածի պատասխանատվությունն անուղղակիորեն դրել են Կոմիտեի և քաղաքապետարանի աշխատակազմերի վրա։

2024 թ․-ի դեկտեմբերին գրել էինք, որ Երևանի Աբովյան 5/5 հասցեի բարձրահարկ համալիրի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերը կազմվել են կեղծ տվյալների հիման վրա։ Արդյունքում 12 հարկանի շենք կառուցելու նպատակով ստացված փաստաթղթերը դրվել են 18 հարկանի շենք կառուցելու թույլտվության հիմքում։

Համալիրի համար Երևանի քաղաքապետերի կողմից տրվել է նախագծման 3 թույլտվություն։ Դրանցով սահմանվել է հարկայնությունը կամ բարձրությունը։

Առաջին թույլտվությամբ կառուցվելիք համալիրի հարկայնությունը սահմանվել է 12 հարկ։ «Կառույցը Աբովյան փողոցի մայթի նիշից նախագծել երեք ստորգետնյա և մինչև 12 վերգետնյա հարկերով, որից՝

 -Աբովյան փողոցին հարակից ծավալը չորս հարկի բարձրությամբ՝ բարձրության նիշերը համապատասխանեցնելով հարակից կառուցապատմանը,

-Հիմնական ծավալը նախատեսել Աբովյան փողոցի կառուցապատման գծից հետ ընկած՝ համապատասխանեցնելով Պուշկինի 14 հասցեում գտնվող հյուրանոցի գծին, բարձրության նիշերը ենթակա են փոփոխման՝ շինարարության ընթացքում կարևոր դիտակետերից հարակից շենքերի հետ համահունչ ընկալման պայմանից ելնելով»։

Երկրորդ թույլտվությամբ հարկայնությունը այսպես է սահմանվել․ «Կառույցը նախագծել 3 ստորգետնյա, շենքի հիմնական ծավալի համար մինչև 11 վերգետնյա (43.5 նիշ) հարկերով՝ 12-րդ հարկը մասնակի ծավալով տեխնիկական հարկ, իսկ հետ ընկած գլանաձեւ ծավալի բարձրությունը նախագծել՝ հարակից շենքերի հետ համահունչ ընկալման պայմանից ելնելով»։

Երրորդ թույլտվությամբ հարկայնության սահմանումն ամբողջովին փոխվել է, հարկերի փոխարեն բարձրությունը փոխարինվել է մետրով․ «Կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48.0 մ, իսկ հետ ընկած գլանաձեւ ծավալի բարձրությունը՝ մինչև 71.0 մ։

-Աբովյան փողոցի կառուցապատման գծով նախատեսվող հատվածը նախագծել մինչև 4 հարկ, որից հետո այն շարունակել նահանջով»։

Հարկայնության վերաբերյալ ձևակերպումները նշված 3 փաստաթղթերում ժամանակի ընթացքում փոփոխվել են։ Բարձրության չափը նախ սահմանվել է կոնկրետ հարկով (հարկերի կազմում հիշատակելով համահունչ ընկալման մասին), ապա կրկին հարկով և «համահունչ ընկալման պայմանից ելնելով» բառակապակցությամբ, որից հետո հարկայնություն-բարձրությունը սահմանվել է մետրով։ Եվ հենց այս ձևակերպումների մեջ է թաքնված կառուցապատողի և տվյալ ժամանակահատվածում քաղաքային և պետական իշխանությունների հեռահար նպատակը՝ բավարարել խոշոր տնտեսվարողի ցանկությունը ու տալ հնարավորություն, որ Երևանի փոքր կենտրոնում հերթական բարձրահարկը կառուցվի։ Եվ որ, թերևս, կարևորներից է՝ առանց հանրային դժգոհությունների։

Կառուցապատողի նախագիծը փորձաքննության ենթարկած հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արմեն Ղուլարյանը, որպես մեր նախորդ հոդվածի հիմնական հակափաստարկ, առաջ է քաշել հենց «համահունչ ընկալման պայմանից ելնելով» եզրույթը՝ նշելով, որ հենց այդ ժամանակ էլ կազմվել է համալիրի 18 հարկից բաղկացած նախագիծը։ Այսինքն, 2019 թ․-ի նախագծման թույլտվությունն արդեն իսկ սահմանել էր 18 հարկի թույլատրելիությունը։

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս այդ ձևակերպմամբ է փորձել բացատրել, որ դեռևս 2019 թ.-ին է որոշվել, որ համալիրը կարող է ունենալ 18 հարկ (Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ)։ Հրաչյա Սարգսյանն ավելի հեռու է գնացել՝ պնդելով, որ դեռևս 2017 թ․-ին էր սահմանվել 71 մետր բարձրություն այն դեպքում, երբ 2017 թ․-ի նախագծման թույլտվության մեջ տառացի գրված է․ «Կառույցը Աբովյան փողոցի մայթի նիշից նախագծել երեք ստորգետնյա և մինչև 12 վերգետնյա հարկերով, որից՝․․․ հիմնական ծավալը նախատեսել Աբովյան փողոցի կառուցապատման գծից հետ ընկած՝ համապատասխանեցնելով Պուշկին 14 հասցեում գտնվող հյուրանոցի գծին, բարձրության նիշերը ենթակա են փոփոխման՝ շինարարության ընթացքում կարևոր դիտակետերից հարակից շենքերի հետ համահունչ ընկալման պայմանից ելնելով»։

Արմեն Ղուլարյանը և Հրաչյա Սարգսյանը որևէ խնդիր չեն տեսել բարձրության համար որպես չափման միավոր օգտագործված «համահունչ ընկալման պայման» եզրույթի մեջ։ Ավելին, մեր գնահատմամբ կեղծ տվյալներով կազմված քաղաքաշինական փաստաթղթերի գոյությունը բացատրում են հենց «համահունչ ընկալման պայմանը»՝ որպես չափման միավոր գործածելով։ Երևանում՝ հատկապես փոքր կենտրոնում, յուրաքանչյուր նոր կառուցապատում մեծ փոփոխություն է առաջացնում գոյություն ունեցող միջավայրում՝ հիմնականում անհարմարություն և դժվարություններ առաջացնելով մարդկանց համար (երթեւեկության ծանրաբեռնում, հրդեհային անվտանգություն, սեյսմիկ անվտանգություն, շրջակա միջավայրի փոփոխություն և այլն)։ Այդ պայմաններում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող անհատները, մաս կազմելով գոյություն ունեցող համակարգին, ամեն ինչ և ամեն բան արդարացնելու հիմքերը գտնում են։ Նույնիսկ չափման նոր միավոր են ստեղծում ՝«համահունչ ընկալման պայման»։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Հետքը» տեղեկացավ, որ «Կեղծիքներ՝ հանուն Գագիկ Ծառուկյանի․ հրդեհի դեպքում մարդկանց տարհանումը ռիսկային է» հոդվածը Դատախազության կողմից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչություն՝ դրանում տեղ գտած հանգամանքները համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու համար։ 

Ի միջի այլոց, Աբովյան 5/5 հասցեում կառուցապատողը չի պահպանել նույնիսկ «համահունչ ընկալման պայմանը»։ Կառուցված շենքի հիմնական ծավալը բարձր է հարևան երկու բարձրահարկերից՝ «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցից և Աբովյան 9 հասցեի շենքից։ Եւ ընդհանրապես, համալիրի թմբուկաձև հատվածը ունի ոչ թե 18 հարկ, այլ 19 հարկ, իսկ համալիրի հետ ընկած մասը 12-ի փոխարեն ունի 14 հարկ և մասնակի՝ 15 հարկ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее