«Кавказ-Online»-ի այսօրվա հրապարակումներից մեկը որոշակի անհանգստություն է առաջացրել ընթերցողների շրջանում: Ռոման Ագարունովի հեղինակած հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանյան քաղաքական շրջանակներում իբր խոսակցություններ են շրջանառվում Հայաստանի` Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ներգրավվելու հավանականության մասին: Ըստ հոդվածագրի`աղբյուրը, որը բնականաբար չի ցանկացել ներկայանալ, իբր նշել է, որ պաշտոնական Մոսկվան մտադիր է ավելի ակտիվ ու գործնական քայլեր մշակել` կապված հետխորհրդային երկրների հետ: Իսկ որոշ` կրկին անհայտ աղբյուրներ նշում են, որ իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը: Հոդվածագիրը մասնավորպես շեշտում է. «Քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Սերժ Սարգսյանին վերընտրվել, նա պարտավոր է արդարացնել նրա բարձր վստահույթունը: Այդ իսկ պատճառով վերընտրվելուց հետո առաջին այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը հաստատել է իր համաձայնությունը և անգամ այդ ուղղությամբ ծրագրեր են մշակվել: Որոշում է կայացվել միավորման ծրագիրը գաղտնի ռեժիմով իրակաբացնել, Հայաստաբնում բողոքի հնարավոր ալիքը կասեցնելու նպատակով»: Խնդրի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ- Մելիք Շահնազարյանի հետ:
Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով են առհասարակ գրվում և տարածվում նման բովանդակություն ունեցող հոդվածները, որոնք կարող են անհանգստություն, ինչու ոչ` նույնիսկ խուճապ առաջացնել, քաղաքագետը մասնավորապես ասել է.
«Անհանգստանալու որևէ պատճառ չկա: Ինքս ծանոթացա այդ հոդվածին: Այնտեղ արտահայտվածը կատարյալ անիմաստ բառակույտ է, որը լուրջ ընդունել, ավելին` մեկնաբանել պարզապես հնարավոր չէ: Ակնհայտ է, որ հեղինակը տեղյակ չէ տարածաշրջանի զարգացումներից, ինչպես նաև Ռուսաստանի շահերից, թե արդյո՞ք պատրաստակամ է Ռուսաստանն ավելի մեծ պատասխանատվություն կրել տարածաշրջանում, քան այսօր նա ունի օրինակ` խաղաղության պահպանման հարցում: Ակնհայտ է, որ նյութը պարզապես պրովոկացիոն բնույթ ունի»:
Մեր դիտարկմանը, թե հեղինակը հիմնվում է հատկապես այն փաստի վրա, որ ՌԴ կատարած այցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր` թե այցը հատուկ նշանակություն ուներ, քաղաքագետը պատասխանել է.
«Բնականաբար, հատուկ նշանակություն ուներ, քանի որ նախագահը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցն էր կատարում: Եվ հարցերը որոնք քննարկվել են այդ այցի շրջանականերում, բոլորին հայտնի են. տնտեսական, ռազմական ու նաև քաղաքական համագործակցության խորացում: Հեղինակը հիմնվում է անհայտ աղբյուրների վրա:Ակնհայտ է, որ սա պրովոկացիոն բնույթ ունի և չի բացառվում նաև, որ ֆինանսավորված լինի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Ամեն դեպքում` շատ թույլ մտածված է, և չեմ կարծում, որ այս թեզը երկար կյանք կունենա տեղեկատվական դաշտում»:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան