(ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ կամ Ես քեզ սիրում եմ ու սպասում եմ...........)
....Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ: Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում: Ոզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք: Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք… Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի… Է, ապրվում է, ապրում ենք, էլի, կյանք է, հո որբանոց չի… Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը՝ ձիգ, գլուխը՝ բարձր, ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան: …Խաղը պառավեց: Կախարդական հայելին ճաքեց գիշերվա կեսին, մասերը տարանջատվեցին, մոխրամանը աղբաման դարձավ, լուցկու տուփը հագավ հատ-հատ, ծխախոտի ծուխը՝ ամպերին, սուրճի մրուրը շուրթերիդ հասավ, – ամբողջականության հույսը ցնդեց: Հրաշք չի լինի: Տարիների պատն անթափանց է, կուրացնող է մանկությունից եկող լույսը, հիշողության ճանապարհը լի է փորձանքով՝ դարանակալ տարիների հոգսով, կորուստով, սիրով, ցավով.. Եվ միայն բույրի հիշողությունն է մտակորույսի ցանցառությամբ բերում-տանում բույրի ծվեններ, և կայծկլտում են աղոտ պատկերներ, բայց ոչ մի բույր չի բռնում գույնը, բայց ոչ մի ձայն տեղը չի դնում բնապատկերը, և պապանձված է ամռան օրը, և իմաստալից քայլ անելու ջանք է ապարդյուն, որովհետև հավասարակշռություն չկա կեսի մեջ:
ԳՐԱՌՈՒՄԸ` ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից