▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին Ալիեւի առաջարկած 5 մլրդ դոլարը վերցրել է Փաշինյանը. Զատուլին

Դա իմ ենթադրությունն է, այդ փողերը (5 մլրդ դոլար- խմբ.) վերցրել է Նիկոլ Փաշինյանը։ Հետեւաբար, ինչպես այժմ մենք պարզում ենք, նա էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր թեկնածուն է հունիսի 7-ի ընտրություններում։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Փորձեր եղել են գնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները։ Եվ նշված գումարը լավ հայտնի է՝ 5 միլիարդ դոլար նրա շուրջ շրջանների համար։ Ոչ թե Ղարաբաղի, այլ նրա շուրջ շրջանների համար։ Եվ այս թեման քննարկվել է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, Պուտինի եւ Լուկաշենկոյի մասնակցությամբ։ Բոլորը տեղյակ էին դրա մասին, քանի որ Լուկաշենկոն միշտ սերտ կապեր է պահպանել Ալիեւի հետ։ Եվ Լուկաշենկոն նույնիսկ ավելի ուշ հրապարակայնորեն ինչ-որ տեղ նշել է, որ նման գաղափար եղել է։ Գիտեմ, որ դա փոխանցվել է հայկական կողմին։ Եվ որ Սերժ Սարգսյանն այցելել է Ղարաբաղ եւ խորհրդակցել ղարաբաղցիների հետ։ Եվ այդ ժամանակ, այդ փուլում նրանք ասել են. «Ո՛չ։ Մենք ոչինչ չենք տա, մենք պետք է մեր դիրքորոշմանը մնանք»։ Եվ գոնե այս կառավարության՝ Սերժ Սարգսյանի կառավարության հետ այս թեմայի շուրջ բանակցությունները դադարեցվել են։ Մանավանդ որ Ղարաբաղի անկախության ճանաչում շրջանների վաճառքի դեպքում ոչ ոք Ադրբեջանին չի էլ խոստացել։

Բայց հետո եկավ Փաշինյանը։ Ինչպե՞ս եկավ։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը՝ բնավ հիմար մարդ չլինելով, իշխանությունը զիջեց նրան։ Ես որեւէ անձնական հիմքեր չունեմ Սերժ Սարգսյանին որեւէ բանում մեղադրելու։ Ես հարգում եմ նրան։ Նա ժամանակին ինձ պարգեւատրել է Պատվո շքանշանով։ Ես խոսել եմ նրա հետ եւ լսել նրա տեսակետներն այն մասին, թե ինչու տեղի ունեցավ այս «թավշյա հեղափոխությունը»։ Իմ կարծիքով, դրանք չեն դիմանում որեւէ քննադատության։ Բայց ինձ թվում է՝ գուցե սա ընդամենը ենթադրություն է, եւ ես խնդրում եմ, որ դուք դա հենց այդպես էլ դիտարկեք՝ գուցե նա զգացել է, որ հաշվի առնելով, որ բանը բանից անցնում է, Փաշինյանին պետք էր գործելու հնարավորություն տալ։ Նա ինչ-որ բան կանի, լավ, կձեռնարկի ոչ պոպուլյար միջոցներ։ Այս խնդիրը կլուծվի, բայց ոչ անձամբ Սարգսյանի կողմից։ Եվ հետո... «մավրն իր գործն արել է, մավրը պետք է հեռանա»։

Մավրը, որն իր գործն է անում, հեռանալու մտադրություն չունի։ Եվ այս բոլոր մտորումները, այս բոլոր ենթադրությունները կեղծ դուրս եկան։ Եվ հիմա մենք բախվում ենք բոլորովին այլ իրավիճակի։ Սա իմ ենթադրությունն է՝ այդ փողերը վերցրել է Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, ինչպես հիմա ենք պարզում, նա հունիսի 7-ի ընտրություններում Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր թեկնածուն է։

Լսեք, եթե չի կարելի շրջանները հանձնել Ադրբեջանին խաղաղ բանակցության ընթացքում, որովհետեւ դա դավաճանություն է թվում, դրանք ձեռք են բերվել արյունով, բայց մենք կարող ենք այլ ճանապարհով գնալ։ Մենք կարող ենք պարտվել պատերազմում եւ հրաժարվել այդ նույն շրջաններից, ամբողջ Ղարաբաղից, որն ինձ՝ Փաշինյանիս, պետք չէ։ Ի վերջո, ի՞նչ է հիմա ասում Հայաստանի վարչապետը։ Նա ասում է, որ «Ղարաբաղը միշտ էլ ճնշօղակ է եղել Հայաստանի մարմնի շուրջը»։

Սա նա է ասում։ Սկզբում նա ասում էր. «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», 2018-ից մինչեւ 2020 թվականը, երբ դարձավ վարչապետ։ Իսկ հիմա «ճնշօղակ» է։ Ուրեմն, ո՞ր Փաշինյանն է ճշմարտությունն ասում։ 18-ի՞նը, թե՞ ներկայինը։

Նրան Ղարաբաղը պետք չէր, քանի որ նրա բոլոր քաղաքական հակառակորդներն այնտեղից էին։ Նրան Ղարաբաղը պետք չէր, քանի որ նրանք կասկածանքով էին վերաբերվում Փաշինյանին եւ թավշյա հեղափոխությանը։ Նա օգտվեց նրանից, որ Հայաստանում բողոքներ կային, թե ղարաբաղցիները խեղդում են բիզնեսը, «որ ղարաբաղցիներն ամենուր են», «միայն նրանց են նշանակում» եւ այլն։ Հայաստանում ղարաբաղցիների նկատմամբ զուտ մարդկային նախանձ առաջացավ։ Եվ Փաշինյանը դրանից օգտվեց։

Բայց կարծում եմ, որ նա գրպանեց 5 միլիարդը կամ ավելին։ Որովհետեւ նա այդ կերպ ավելի քան լուծեց այն խնդիրը, որն Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջեւ դրել էին»,- նշել է Զատուլինը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее