Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումները մի կողմից հետաքրքիր են, քանի որ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ կառավարության անդամներին որոշակի հաջորդականությամբ «տհաճելի» պահեր են պարգևում, մյուս կողմից` այս ամենը մի տեսակ կորցնում է իմաստը, երբ ի սկզբանե հայտնի է, որ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն կողմ են քվեարկելու և այն ընդունվելու է:
Անշուշտ այս հանգամանքը երկու կողմին էլ հասկանալի է և դա է այն պատճառներից մեկը, որ և՛ կառավարության անդամների, և՛ նրանց ընդդիմախոսների հայտարարություններում պոպուլիզմը շատ ժամանակ գերիշխող է:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորների և կառավարության անդամների «լոկալ պատերազմները» ժամանակ առ ժամանակ միայն ընդհատվում են ՀՀԿ խմբակցության՝ կառավարությանը հղվող հարցերով, ովքեր ավելի շատ ժամանակ ձգելու խնդիր են լուծում: Դրանով, սակայն, պրոցեսի էությունն առաձնապես չի փոխվում:
Թե ինչպես են երկրում առկա հիմնախնդիրները ներկայացնում իշխանությունն ու ընդդիմությունը, հարցի միայն մի կողմն է, քանզի անզեն աչքով էլ տեսանելի է, որ երկրում մեծ թվով խնդիրներ են կուտակվել, իսկ մեզանում տեղի են ունենում պրոցեսներ, որոնց պատասխանը հասարակությունն այդպես էլ չի ստանում:
Իշխանությունը խոստացել է, որ հունիս-հուլիս ամիսներին աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում է սպասվում: Թե որքանով այն կթեթևացնի հասարակ քաղաքացու հոգսը, ցույց կտա ժամանակը: Շատ բան կախված է նաև նրանից, թե այդ բարձրացումը որքան կլինի: Այդուհանդերձ պետք է շեշտել, որ մեր քաղաքացիները հուսահատվում ու երկրից հեռանում են ոչ այդքան ցածր աշխատավարձի, այլ երկրում դեռևս պահպանվող անարդարության մակարդակից:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան