ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է՝ այն քաղաքականությունը, որ որդեգրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի բերելու խաղաղություն. «Անկախ նրանից՝ բանակցությունների սեղանը որտե՞ղ է դրված, միջնորդն ո՞վ է. եթե երկրի ղեկավարն ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում եք էդ բանակցությունների սեղանը տարեք, Լուսնի վրա դրեք: Իսկ որ Փաշինյանն ուղղակի աշխատում է այս պետության դեմ, կասկածի տեղիք չի թողնում: Արցախը զոհել, աչքերը փակել, ակնկալել, որ Ադրբեջանի արյան ծարավը կհագենա և ՀՀ-ի դեմ պահանջներ չի ունենա, կա՛մ տիեզերական անգրագիտություն է, կա՛մ դժոխային դավաճանություն»,- նշել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: