Երևանի հենց սրտում` Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանն` ավանդույթի համաձայն, շարունակում է ներկայացնել յուրօրինակ մտածողությամբ ու ստեղծագործությամբ աչքի ընկնող արվեստագետների ու խրախուսել նրանց:
Այս անգամ` այսօրվանից` ապրիլի 1-ի 19.00-ից մինչև մայիսի 1-ը, Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանում ներկայացվելու է Քրիստինա Հայրապետյանի այլընտրանքային իրականությունը. իրական մարդիկ, որոնց էությունը վերարտադրվում է արվեստի գործերում։ Ցուցադրությունը նվիրվում է Ծիծաղի օրվան և ինչպես նախորդ ցուցադրությունները` ներկայացվելու է մեկ ամիս: Կազմակերպիչները նշում են` եկեք ժպտանք եւ գտնենք մեզ Քրիստինայի ստեղծած կերպարներում։
Հիշեցնենք, որ մինչ այժմ Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան ներկայացվել էին վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի աշխատանքները, Վահագն Համալբաշյանի և Նարեկ Բախտամյանի «Ճանապարհային նշանների արարումը» նախագիծը, մասնագիտությամբ գեղանկարիչ և լուսանկարչության ճամփան բռնած 23-ամյա Լուսինե Գրիգորյանի «Շունչ շնչի» լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանի ցուցահանդեսը, որում ներկայացված էին ջինսերի վրա արված ինքնատիպ նկարները:
Հեղինակ` Անի Հարությունյան