▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճգնաժամը կրճատե՞լ է Օրրանի նվիրատուների քանակը. մեկնաբանում է Արմինե Հովհաննիսյանը

 

Օրրան բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը` առաջիկա ծրագրերի,  ֆինանսական ճգնաժամի պատճառով առաջացած հնարավոր խնդիրների մասին և ոչ միայն:

-Ի՞նչ նոր ծրագրեր և նախագծեր է պատրաստել Օրրանն այս տարի:

-Այս տարի Օրրանը նախապատրաստել է մի հետաքրքիր նախագիծ` «Իմ մասին» անվանմամբ: Ծրագիրն իրականացվելու է «Austrian Developement Agency» և «Interkulturulles Zentrum» ավստրիական կազմակերպությունների հովանավորությամբ, որին մասնակցելու են հայկական և վրացական հասարակական կազմակերպությունները: Մենք կազմակերպելու ենք պրոֆեսիոնալ թատերական խմբակ՝ Օրրանի երեխաների համար, որոնք կշրջագայեն և կմասնակցեն միջազգային փառատոնների: Ամռանը կկազմակերպվի «Առաջնորդների» ամառային դպրոց, որը մասնակիցների մեջ կսերմանի նախաձեռնողականություն և գիտելիքներ իրենց իրավունքների վերաբերյալ: Օրրան հաճախող այն շահառու երեխաները, որոնք հետաքրքրություն կունենան լրագրության հանդեպ, հնարավորություն կունենան մասնակցելու լրագրողական խմբակին, որտեղ կսովորեն լրագրության արվեստը և նրբությունները:

-Նվիրատուների թվաքանակը գնալով ավելանու՞մ են արդյոք, թե տնտեսական ճգնաժամը կրճատել է նաև «բարեգործությունը»:  

-Թեև տնտեսական ճգնաժամը բազմաթիվ դժվարություններ է ստեղծել, բարեբախտաբար, բարեգործությունը դրանից այդքան շատ չի տուժել: Օրրանի առաքելությանը շարունակում են աջակցել իր վաղեմի և նվիրված գործընկերները՝ ի դեմս ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի, որն ամեն տարի հոգում է Օրրանի ողջ ծախսերի 1/3-րդ մասը, և ոչ-մի նախաձեռնություն անմասն չի մնում ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի աջակցությունից:

Անչափ ուրախ ենք նաև, որ Օրրանի առաքելությանը նաև միանում են նորանոր գործընկերներ: Անցած տարի Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերությունը, տնօրեն Հրաչ Ջաբրայանի գլխավորությամբ, Օրրանին 15 000 դոլարի նվիրատվություն կատարեց, որն ուղղվեց մեր կենտրոններ հաճախող շահառուներին մատուցվող կրթական, սոցիալական, սննդի, հոգեբանական, մշակութային ծառայությունների ծախսերը հոգալուն:

Դեռևս անցած ձմռանն Ինեկոբանկն իր աջակցության ձեռքը մեկնեց Օրրանին՝ շահառուներին ձմեռային տաք կոշիկներ ձեռք բերելու և սննդի ամանորյա փաթեթներ նվիրելու հարցում՝ ստանձնելով այդ տարվա «Ձմեռ Պապիկի» դերը:  Իսկ այս տարի, Ինեկոբանկն անմասն չի մնում Օրրանի կենտրոններ այցելող շահառուների համար տաքուկ և հարմարավետ միջավայր ապահովելու գործում: Այն, որ Ինեկոբանկն հանձն առավ՝ հոգալու երևանյան և վանաձորյան կենտրոնների՝ ձմեռային սեզոնի գազի ջեռուցման ողջ ծախսերը, հնարավորություն տվեց շուրջ 200  կարիքավոր երեխաների և 85 միայնակ տարեցների տաքություն գտնել Օրրանի հարկի տակ՝ ի հեճուկս իրենց ծանր կենցաղային և սոցիալական պայմանների:

Այսպիսի շարունակական աջակցությունը մեզ անչափ ոգեշնչում է՝ շարունակելու մեր առաքելությունը և հավատալու մեր կատարած գործին: 

Կարդացեք նաև` Ուժեղ կին չեմ... պարզապես Րաֆֆին ինձ խրախուսում է. Արմինե Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее