Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտի այն բացառիկ դեմքերից է, ում հարցազրույցները կամ ելույթները մշտապես պահանջարկ ունեն՝ նվազագույնը «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու առումով:
Վերջին հարցազրույցը ևս բացառություն չէր, սակայն անսպասելի էր, որ այն մեկնաբանվեց լրիվ այլ՝ Սասուն Միքայելյան-ՀԱԿ-Տեր-Պետրոսյան հարաբերությունների համատեքստում:
Կարծում եմ՝ հարցազրույցի մեխը՝ 2013 թվականի նախագահական ընտրություններին վերաբերող հարցն էր, իսկ ավելի կոնկրետ «արժանի փոխարինողի» հարցը: Տեր-Պետրոսյանը վերջապես տվեց ամիսներ շարունակ քննարկվող, սակայն այդպես էլ անպատասխան մնացած հարցի պատասխանը:
Լրագրողի (ilur.am) հարցին, թե «եթե չէիք առաջադրվելու, ապա ինչո՞ւ մեկ-երկու տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ չբերեցիք», առաջին նախագահը պատասխանում է.
«Ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել. քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում»։
ՀԱԿ առաջնորդն ուղիղ տեքստով հայտարարում է, որ «ժառանգորդ օպերացիան» տապալվել է ոչ թե ֆինանսների սղության, ներքին խմորումների, չիրականացված սպասումների, այլ՝ պարզապես արժանի լիդերի բացակայության պատճառով:
Չցանկանալով առանձին վերլուծության ենթարկել այն գործիչներին, ովքեր հավակնում էին լինել առաջին նախագահի «ժառանգորդը», դժվար է Տեր-Պետրոսյանի հետ չհամաձայնել. իրականում, որքան էլ ՀԱԿ-ը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իր շուրջը միավորեց մեծ թվով քաղաքական ուժերի և գործիչների, հետագայում քաղաքական պրոցեսների ընթացքը ցույց տվեց, որ «ժառանգորդ օպերացիան» տապալվել է:
Դրա պատճառները մի քանիսն էին, որոնցից գլխավորը, թերևս, այն էր, որ ՀԱԿ կենտրոնական դեմքերից չգտնվեց մեկը, ով կկարողանար խաղն իր վրա վերցնել ու լուրջ հայտ ներկայացնել 2013-18 շրջափուլում:
Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք