▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ «կացինավորներն» ` ինչքան ուզեք

Համառորեն` ոչինչ չի փոխվում:

Այս ամենին մեկ բացատրություն կա` ձեռնտու է...

Նրանք,ովքեր եփել են այս  «ապուրը», հակառակ բոլոր քննադատությունների, կարծիքների, մտահոգությունների ու կոչերի, ամեն  Աստծո  նոր օրվան, նույն իրենց հանգիստ ոճով, շարունակում են դրանով կերակրել ժողովրդին:


Երկիրը դատարկելով արժեհամակարգերից, ժողովրդին մեկուսացնելով հոգևորից ու ազգային մշակույթից, անգրագիտությամբ ու տգիտությամբ փառք ու իշխանություն զավթած, բարձրագոչ ճառերի ու կենացների ռահվիրանների հեռահար ծրագրերն անխոչընդոտ իրականանում են:

Մեկ կամ երկու սերունդներ են մնացել,որ կայացել են խորհրդային ժամանակահատվածի արժեհամակարգում: Ասել կուզեմ` այն արժեհամակարգում, ուր ազգային ու հոգևոր արժեքներին տիրապետելու, կրթվածության ու մասնագիտական բարձր չափանիշերին տիրապետելու պահանջները պետական հրամայականներ էին:

Արտագաղթեցին...

Ովքեր էլ մնացել են կամ մեկուսացված են հասարակությունից, կամ հուսահատ ճիգեր են գործադրում` հրաշալի գիտակցելով, որ բանը-բանից վաղու~ց էն կողմ է անցել:  Ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ վերից վար ինքնակամ, ներկա համակարգն հանկարծ որոշի` ինքնադաստիարակվել, դառնալ քաղաքակիրթ հասարակություն ու պետություն:

Իսկ այս «ճաշատեսակն հեղինակած խոհարարներին» հենց այդ էլ հարկավոր է...

Չկան բարձր արժեքներ, չկա` պահանջատիրություն, ըմբոստություն, և այլն: Հոգևոր արժեքներից զուրկ հասարակության արժեհամակարգը` ստամոքսից այն կողմ,լավագույն դեպքում կարող է կերակրափողը լինել:
Ահա` ինչ ծրագիր է իրականացվում:

Լավատեսությունս հուշում է,որ եթե` ոչ երիտասարդ սերնդի մեծամասնությունը,գոնե զգալի մի հատվածը քաջ գիտակցում է այս իրողությունը:Այլապես, կորցնելով ազգային գենետիկ առանձնահատկությունները,մեր աշխարհաքաղաքական այս բարդ տարածաշրջանի սարդոստայնից դուրս գալու` որպես ազգ և պետություն մեր ինքնությունն ու ազգային տեսակը պահպանելու հեռանկարները,մեղմ ասած` երազախաբություն է:

«Պարոնայք խոհարարներ», քանի դեռ ուշ չէ /ինքս-ինձ հույս եմ տալիս/վերադարձրեք ժողովրդին հոգևոր դաշտ,արմատախիլ արեք անճաշակությունն ու անգրագիտությունը: Երբ հասարակության մեջ սկսում են արհամարվել կայացած ու վաստակավոր հեղինակություններ, երբ ամեն ոք իրեն իրավունք է վերապահում բամբասել, սևացնել, վատաբանել,  թերագնահատել, ուրանալ, գիտակցել է պետք ի վերջո,  որ «ծառն արմատից փտում է արդեն», իսկ «կացինավորներն» ` ինչքան ուզեք...

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее