▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահները փնտրում են Նվեր Ծառուկյանին և նրա թիկնապահներին

Տեղեկացրել էինք, որ ծեծկռտուք էր տեղի ունեցել  և կրակոցներ էին  հնչել «Կոսմոս» խաղատանը․  կիզակետում Նվեր Ծառուկյանը, թիկնապահներն ու դերասանուհի Շուշան Երիցյանն էին։

24News-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն, իրավապահներն ինտենսիվ աշխատանքներ են տանում ԲՀԿ ղեկավար, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին և նրա թիկնապահներին հայտնաբերելու ուղղությամբ՝ «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների գործով։

«Հիշեցնենք, որ լրագրող Վահե Մակարյանն իր «Makaryan News» տելեգրամ ալիքում հրապարակում էր արել, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել է կրակոց կամ կրակոցներ։ 

Քննչական կոմիտեից էլ կայքինին փոխանցեցին, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ․«Տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով վարույթ է հարուցվել։ Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հավելելով՝ վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։ 

Մեր տեղեկությունների համաձայն, միջադեպի օրը Նվեր Ծառուկյանի հետ «Կոսմոս» խաղատանը գտնված դերասանուհի, մոդել Շուշանիկ Երիցյանին կալանավորելու որոշում չի կայացվել։  

Մենք փորձեցինք կապ հաստատել դերասանուհու հետ, սակայն չհաջողվեց։ 

Զանգահարեցինք նաև «Կոսմոս» խաղատուն, որտեղից նախ օպերատորներից մեկը նշեց, որ կփոխանցի մենեջերին, որպեսզի զանգահարի, իսկ արդեն մեկ այլ օպերատոր նշեց, որ տեղեկացրել են մենեջերին, սակայն այսօր իրենց մոտ խաղարկություն կա և շատ խիտ գրաֆիկ ունեն՝ ընթացքում կզանգահարեն»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее