168.am-ը գրում է, որ շարունակում է հանրայնացնել թավշյա իրողությունների շահառու իշխանության ներկայացուցիչների գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրերը։
«Հերթականը Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագիրն է։ Իսկ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի զեմլյակ, մասնագիտությամբ երկրաբան, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը սկսել է արագորեն բարելավել իր դիրքերը հենց 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո։
Եթե մինչև 2018 թվականը Ռոմանոս Պետրոսյանը մեկական տարով այս կամ այն ընկերություններում ինչ-ինչ գործունեություն էր իրականացնում, ապա 2018 թվականից հետո սկսեց արագորեն պաշտոններ փոխել՝ մարզպետ, նախարար, իսկ այսօր արդեն՝ Պետական վերահսկողական ծառայության պետ։ Ասում են նաև, որ ՊՎԾ ղեկավարը Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից է», ու թերևս հենց դրանով պետք է պայմանավորել կարիերայի այս ցնցող աճերը։
Պաշտոնյայի՝ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի տարեկան հայտարարագրից մասնավորապես տեղեկանում ենք՝ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է տնօրինել 3 անշարժ գույք՝ 2001 թվականին Կոտայքի Աբովյան համայնքում «այլ» եղանակով ձեռք բերված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան, 2014 թվականին նույն մարզի Ակունք համայնքում գնված և միանձնյա տնօրինվող հողամաս և 2019 թվականին Երևանի Արաբկիր համայնքում գնված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան»,-գրում է սկզբնաղբյուրը։