Մարտի 10-ի Նյու Յորքում տեղի է ունեցել 100 LIVES նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի նախաձեռնած ծրագրի բաղադրիչներից մեկն «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունն է, որն առաջին անգամ տեղի է ունենալու 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում` Էլի Վիզելի ու Ջորջ Քլունիի մասնակցությամբ:
Տեղեկացնենք, որ «Ավրորա»-ի ժյուրիի համանախագահներն են հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը: Իր հերթին Ջորջ Քլունին, խոսելով Ցեղասպանության մասին, ասել է.
«Այն, որ «ցեղասպանություն» տերմինը սկսել է շրջանառվել այդ սարսափելի դեպքերից մի քանի տասնյակ տարի անց, չի նշանակում, որ դրանք տեղի չեն ունեցել»:
Ըստ Քլունիի` իր համար մեծ պատիվ է միանալ 100 LIVES նախաձեռնությանը, որն ինչպես իր Not On Our Watch հիմնադրամը, իր ուշադրությունը սեւեռում է ցեղասպանության հետեւանքների վրա, ինչպես նաեւ միջոցներ է հատկացնում աշխարհում զանգվածային ոճրագործությունների դադարեցման համար.«Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում»: