Անդրադառնալով քննադատություններին, ըստ որոնց ոչինչ չի արվում հայ գերիներին վերադարձնելու համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց․ «Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում»։
«Ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։
Մենք հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն․․․ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- ընդգծեց Փաշինյանը։
***
Դուք ոչնչացնումեք մեր ինքնությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով այս քննադատությանը, նշեց․ «Իմ ինքնությունը կապված է Հայաստանի Հանրապետության հետ, ես ուրիշ ինքնություն չունեմ։ Ժամանակակից ինքնությունները կախված են պետությունների հետ։
Ամեն տարի Սփյուռքում տասնյակ հազարավոր հայեր մոռանում են հայերեն իրենց իմացած վերջին բառը․ ո՞վ է դա անում այնտեղ։
Ունեցար պետություն, կունենաս ինքնություն, չունեցար պետություն չես ունենա ինքնություն։ Մնացածը լեգենդ է։
Հայրենիքը պետությունն է, պետությունից դուրս հայրենիք չկա։ Մեզ թվացել ա՝ աշխարհի քարտեզի որ հատվածին նայենք, կարող ենք ասել՝ էս էլ ա մեր հայրենիքը, դրա արդյունքում դարձել ենք ֆորպոստ։ Պետք է հստակ ասենք, որ մենք ուրիշների միջազգայնորեն ճանաչված տարածքներ վերցնելու հավակնություններ չունենք»։
«Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն ոչ ոք զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից, կդարձնենք թիրախ»։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ուրիշ բան է, որ ասում ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն է, պիտի գնամ, հետ բերեմ, այլ բան է՝ երբ ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ իմ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ավելին՝ միջազգային օրենքներով ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,–հավելեց նա։
Փաշինյանը շեշտեց, որ Արարատի դիսկուրսի ներքո մենք չենք կարող ժամանակակից զենքեր գնել, մեզ կտան գրեթե ժամկետանց, օգտագործված զենքեր, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, քանի որ մեկ է՝ «դեն էին գցելու», ինչն էլ, նրա խոսքով, տարիներ շարունակ տեղի է ունեցել, և այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով։
«Եթե մեր խոսույթն էն լինի, որ Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվեք, ոչ ոք չի տալու, որովհետև ոչ մեկը չի ուզում առավել ևս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»,- նշեց նա։
***
«Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան»,- հարցազրույցում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրության նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այդտեղ նորություն չկա»,- նշեց վարչապետը։
Անդրադառնալով սոցցանցերում իր ակտիվության մասին խոսակցություններին՝ վարչապետն ասաց․
«Կարծում եմ՝ դա էլ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունից է բխում, և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից՝ ժողովրդավարությունից»։
***
էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները (3000 դրամները) կչեղարկվեն։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի գործընթացին։
«Մարդը պետք է հասկանա, որ ներդրում է անում իր հետագա կյանքի կազմակերպման համար, քանի որ 21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել, 2025-ի վերջին, 2026-ի սկզբին մենք արդեն թվայնացման բավական մեծ հատված իրականացրած ենք լինելու»։
***
«Այսօր հետևյալ ռազմավարությունն ենք որդեգրել․ մենք հասկանում ենք՝ տարածաշրջանում և նրանից դուրս կան ուժեր, որ խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, գեներացնել, դրա կարևորագույն հատվածը, կոպիտ ասած, կներեք առտնին բառապաշարի համար,․․․ ամեն ինչ սկսվում է լեզվակռվից, շատ դեպքերում փորձ են անում հայտնի ուժերը մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար մենք հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար»,- այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Վարչապետն ընդգծեց՝ իրենց ռազմավարությունը հետևյալն է՝ թույլ չրտալ էսկալացիա, արձագանքել ամեն ինչին այնպես, որ բացառվի էսկալացիան, պատերազմը կամ առնվազն դրա արդարացվածությունը կամ դրա համար հող նախապատրաստելը։ «Այն, որ 2024 թվին մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը, կապված է նաև այս ռազմավարության հետ, կարևոր է՝ մեր քաղաքացիները սա հասկանան․ մենք ոչ թե ինչ-որ բաների համարժեք չենք պատասխանում, որովհետև պարապ ենք մնացել, այլ որովհետև հասկանում ենք այդ խոսույթի մեջ սադրանքի առկայությունը, իսկ դրա մեծագույն խնդիրներից մեկը մեզ մեր ռազմավարությունից դուրս և իրենց ռազմավարության մեջ դնելն է»,- ասաց Փաշինյանը։ Դիտեք նաև՝ |