▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշում եմ ու պահանջում` Կոմիտասյան սրբադաս ղողանջով

Մշակութային «Արարատ»կազմակերպութեան «Կոմիտաս»-ի սրբադաս անւամբ կոչւող դահլիճում կայացած` օտարերկրեայ դեսպանների ու ներկայացուցչութիւնների մասնակցութեամբ միջոցառումը,  որտեղ հնչեցին կոմիտասեան  խորախորհուրդ մեղեդի- ղօղանջները, յիրաւի ընդգրկում է ձեւով ու բովանդակութեամբ ծանրակշիռ լինելու հանգամանքը: Ծանրակշիռ, քանզի ճշտորոշւած թիրախը` Իրանում հաւատարմագրւած միջազգային դիւանագիտական ներկայացուցիչներին` դեսպաններին յաւուր պատշաճի իրազեկում ենք մեր համազգային պահանջատիրութեան արդարացիութիւնը, արդիականութիւնն ու առարկայականութիւնը: Եւ երիցս ծանրակշիռ, քանի որ նման հանդիսութիւնները աներկբայօրէն արդիւնաւորւելու են ինչպէս քարոզչական, նոյնպէսեւ քաղաքական ուշագրաւ նշանակութեամբ:

Քարոզչական մասով, արդէն իսկ, ինչպէս յստակօրէն նախանշւած է եղել կազմակերպիչ յանձնախմբի ծրագրային դրոյթներում, մատուցւած անգլերէնով միջոցառումը տարածւելու է հեռուստատեսային-հեռահաղորդակցական հայաստանեան ինչպէսեւ իրանական (զորօրինակ PRESS TV) լրատւադաշտերի լայն լսարան-ունկնդիրների համար:

Քաղաքական մասով, սակայն, տւեալ միջոցառման տարողունակութիւնը հաստատապէս արդարացնելու է ինքնիրեն, քանզի Հայաստանամերձ մեր գաղթօջախում նախաձեռնւած հանդիսութիւնը իր վերհամայնքային մասշտաբի բերումով` վերաճում է մեր համահայկական պայքարի անքակտելի խրամատը հանդիսացող Սփիւռքեան պահանջատիրութեանը, որն միահիւսւելով պետական մասշտաբների միջոցառումներին, աւելիով է զօրեղացնելու համազգային պայքարի ու պահանջատիրութեան կռւանները:

Ահաւասիկ, մնում է միայն ողջունել եւ մեր մամլոյ առաքելութիւնից մեկնած` զօրակցութեան ձեռք երկարել Թեհրանի հայոց թեմի Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբին, որն դեռեւս մինչ բուն 2015 թւականին կազմակերպած այս վերջին հանդիսութիւնը, արդէն նախաձեռնել էր երկու ծանրակշիռ միջոցառումներª Թեհրանի թեմում հրատարակւած Ցեղասպանութեանն առնչւող գրականութիւնը ցուցադրելով եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի դոկտ. Հայկ Դեմոյեանի անմիջական մասնակցութեամբ ներկայացրած ցուցահանդէսը` հայ եւ մասնաւորապէս պարսիկ հասարակայնութեան համար:

Մենք, եւ հաստատապէս սիրելի ընթերցողը սպասելու ենք գալիքում նմանօրինակ ուշագրաւ ու ծանրակշիռ հանդիսութիւնների, որոնց էլ աշխոյժ մասնակցութեամբ աջակցելու-զօրակցելու է իրանահայ հայրենանւէր ու պահանջատէր հասարակայնութիւնը, որն մշտապէս ՅԻՇԵԼ ու ՊԱՀԱՆՋԵԼ է համազգային ու համահայկական նշանակութեան արդարահատոյց իրաւունքը...

ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

հոդվածը` դասական ուղղագրությամբ է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее