▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ղեկավարն ուղիղ եթերում արդարացնում է ադրբեջանական վանդալիզմը»․ Նարեկ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր արդարացրեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումն ադրբեջանցի ելուզակների կողմից։ Նորից չհասկացողների համար՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարը, որն ի պաշտոնե պարտավոր է հետամուտ լինել ամբողջ աշխարհում հայկական մշակութային, հոգևոր, ճարտարապետական ժառանգության պահպանությանը, ուղիղ եթերում արդարացնում է ադրբեջանական վանդալիզմը։ Մարդ անգամ չգիտի, թե ինչ մեկնաբանի...»։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»
«Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ… Արծվաշենում տեսնում ենք, որ կառուցվել է մզկիթ… ինչ պետք է անենք»․ այսպես է Նիկոլ Փաշինյանն արձագանքել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հարցին։
Փաշինյանի այս խոսքում ձևավորվում է լուրջ նարատիվային խզում։
Արծվաշենի վերաբերյալ ներկայացված հիպոթետիկ օրինակը չի կարող համեմատվել Ստեփանակերտում և ընդհանրապես Արցախում ձևավորված իրողության հետ։ Այնտեղ խոսքը մշակութային ժառանգության համակարգային ոչնչացման մասին է։ Եկեղեցիների քանդումը, ձևափոխումը կամ «վերանորոգման» անվան տակ դրանց ինքնության փոփոխությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որակվում են որպես մշակութային վանդալիզմ։
Միջազգային նորմերը միանշանակ են․ անկախ սեփականության իրավական ռեժիմից՝ պետությունը պարտավոր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա կրոնական և մշակութային արժեքները։ Սա նշանակում է, որ նույնիսկ բերված օրինակի շրջանակում՝ մզկիթը չի կարող ենթակա լինել ոչնչացման։
Սակայն հենց այս հիպոթետիկ կառուցվածքն է, որ ակամա ձևավորում է կեղծ սիմետրիայի տպավորություն՝ իբր իրավիճակները համարժեք են։
Մինչդեռ դրանք համարժեք չեն։
Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը ոչ միայն պատմականորեն անհիմն է, այլև քաղաքականորեն վտանգավոր։ Լեռնային Ղարաբաղը նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում ունեցել է ինստիտուցիոնալ առանձնահատկություն՝ ինքնավար կարգավիճակով, մինչդեռ Արծվաշենը եղել է սովորական անկլավ։ Այս տարբերության անտեսումը թուլացնում է Հայաստանի փաստարկները միջազգային հարթակներում։
Առհասարակ, Փաշինյանի այս «համեմատությունները» կեղծ ու հակագիտական են:
Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում տեղի ունեցող գործընթացները չունեն համարժեքություն Արծվաշենի հիպոթետիկ օրինակի հետ։ Դրանք քաղաքականություն են՝ ուղղված պատմական հիշողության և ինքնության համակարգային վերացմանը։
Փաշինյանի հայտարարությունը խիստ խոցելի է, քանի որ ստեղծում է կեղծ հավասարություն հիպոթետիկի և փաստացիի միջև»։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրինակ, Ռուբեն Վարդանյանը Շուշիի մզկիթի նորոգումը նախաձեռնել ու իրականացրել էր, որպեսզի ցույց տար հայկական քաղաքակրթության դեմքը:
Որպեսզի ցույց տար, որ այդ քաղաքակրթությունն այնքան խորն ու տարողունակ է, որ չունի որևէ այլ քաղաքակրթության ու մշակույթի հանդեպ վանդալիզմով ինքնահաստատվելու, ինքնափարատվելու կարիք և բարդույթ:
Մեծ հաշվով հիմա էլ դա ցույց է տալիս արդեն անձնապես իր օրինակով, այն՝ մեծ հաշվով կցկտուր, բայց բավականին տարողունակ ուղերձներով, որ հղում է Բաքվից, ուր պատանդառված է մեր մյուս հայրենակիցների հետ միասին:
Ու այս ֆոնին ապշեցնողը այն է, որ հայկական պետական քաղաքականության «մշակները» զբաղված են այսօր վանդալիզմի «ալիբի» կերտելով»։

***

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։
Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее