«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար
1․ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին։
Խնդրահարույց է համարվում Անկախության հռչակագրի նախաբանի ձևակերպումը, որտեղ կա հղում ԼՂՀ և ՀՀ վերամիավորման որոշմանը․ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»
2․ Խնդրահարույց է դիտարկվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»
3․ ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ը, որը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
Հոդվածի առաջին մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»
4․ ՀՀ Սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերին։
Հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է ՀՀ զինանշանի տեսքը․
«Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»։