▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ում առկա են հարկային տեռորի դրսևորումներ, դրանք գնալով ավելի ցայտուն են դառնալու»․ Թադևոս Ավետիսյան

«ՀՀ-ում առկա են հարկային տեռորի դրսևորումներ, դրանք գնալով ավելի ցայտուն են դառնալու։ Շատ հաճախ հարկային պլանավորումը կամ հաջորդ տարվա բյուջեի հարկային եկամուտների պլանավորումը մոտավորապես ոտքի վրա է լինում՝ առանց խորքային ուսումնասիրությունների»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն են ծրագրվածից պակաս հավաքագրվել 2024 թվականի հարկային եկամուտները՝ անցնող 10 ամիսների ընթացքում։ «Այսօր արդեն իսկ տեսնում ենք, որ դուք էապես թերակատարում եք ունեցել և ձեր թերակատարման հետևանքով պետական բյուջեի մի շարք ծրագրեր ևս թերակատարվել են՝ չկա փող, չկա ծախս սկզբունքով»,- ասաց Ավետիսյանը։ Ի պատասխան՝ Բադասյանը նշեց․ «ՀՀ-ում հարկային տեռոր չկա, հակառակը մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Իսկ ինչ վերաբերում է, թե որքան պակաս է հավաքագրվել նախնական ծրագրված ցուցանիշներից, ապա լավ գիտեք, որ տարվա ընթացքում այդ ցուցանիշները փոխվում են՝ կախված տնտեսության ցուցանիշներից։ Կառավարությունը միշտ փորձում է ոչ թե լավ, այլ շատ ավելի լավ արդյունքներ կանխատեսել, այսինքն նշաձողը բարձր է դրվում, որպեսզի բոլորս ձգտենք հասնել դրան, բայց օրինակ այս տարի շատ լավի փոխարեն լավ արդյունքներ ենք արձանագրել։ Մենք պլանավորում էինք, որ անվանական ՀՆԱ-ն կաճի 11%-ով, սակայն այն նոր կանխատեսմամբ կաճի 7%-ով, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հետևաբար արդեն ակտուալ չէ նախապես ծրագրված թիվը։ Տարին ավարտելուց հետո նոր հնարավոր կլինի ամփոփել արդյունքնեը»,- հավելեց Բադասյանը։

***

«Երբ այսօրվա իշխանությունն ընդդիմադիր էր, ասում էր՝ ստվերային պայմանավորվածություն կա բիզնեսմենների հետ, ճամպրուկներով գումարներ են տարվում Բաղրամյան 26, հիմա էլ ընթրիքների միջոցով է գումար հավաքագրվում, դա նույն սխեման չէ՞ և նմանատիպ ընթրիքների մասնակից բիզնեսմենների նկատմամբ ՊԵԿ-ը կաշկանդվածություն չունի՞»,- լրագրողի հարցն ուղղված էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ով ի պատասխան ասաց․ «ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե բիզնեսմեններն ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում։ Կառավարությունը և ՊԵԿ-ն իր գործունեությամբ ցույց են տվել, որ հարկ վճարելը բացարձակ առաջնահերթություն է։ Իսկ այդ միջոցառումները համեմատել նախկին իրականության հետ, բացարձակ անտեղի է, քանի որ, եթե միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը սկսնակ բիզնեսին օգնելն է, կարծում եմ՝ շատ լավ գաղափար է, խնդիր չեմ տեսնում և իհարկե կաշկանդված չենք»,- նշեց Բադասյանը:

***

«Վերջին 3 տարիներին ստվերային տնտեսությունը նվազել է»,- այսօր ԱԺ-ում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «2024թ. 9 ամիսների տվյալներով ՀՀ-ում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 767 միլիոն դրամ, որը 112,7 մլրդ դրամով կամ 6,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- հավելեց Բադասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее