▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախկին գլխավոր դատախազը ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել

2013-2016թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում, գրում է «Հետքը»:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թողնելուց հետո՝ 2017-2019 թթ., Կոստանյանը ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից:

2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե): Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Նույն տարվա նոյեմբերի 25-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազին մարտի 1-ի գործով ներգրավվել է իբրև մեղադրյալ, և նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու համար: Կոստանյանն արձագանքել էր, որ գտնվում է Մոսկվայում ու ողջամիտ չի համարում 48 ժամում ներկայանալու պահանջը: Նա հայտնել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով և ուսումնական կիսամյակի ու քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան:
Այս պատասխանից հետո ՀՔԾ-ն Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում ու միջնորդել դատարանին, որ նախկին պաշտոնյայի խափանման միջոց ընտրվի կալանքը: 2019թ. դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Գևորգ Կոստանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելուն դրդելու հոդվածներով:

Սակայն նախկին գլխավոր դատախազի դեմ, քրեական հետապնդումից բացի, կա նաև գույքի բռնագանձման հայց:

2023-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պետական մարմինը պահանջում է իր նախկին ղեկավար Կոստանյանից ու նրան փոխակապակցված 3 անձանցից բռնագանձել 1 բնակարան Երևանում, 2 առանձնատուն Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363.565.000 դրամ: Անշարժ գույքից բացի՝ ԳԴ-ն պահանջում է բռնագանձել շուրջ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ինչպես նաև մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Նկատենք, որ Գևորգ Կոստանյանի անունը բացակայում է ՀՀ ընտրողների ռեգիստրից: Եթե դա տեխնիկական սխալի հետևանք չէ, ապա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ նախկին պաշտոնյան այլևս ՀՀ քաղաքացի չէ, կա՛մ քաղաքացի է, բայց ՀՀ հաշվառում չունի:

Լրատվամիջոցը պարզել է, որ ՌԴ քաղաքացի դարձած Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում, որն, ի դեպ, կառուցել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: «Ռոզմարին» անունով բնակելի համալիրը շահագործման է հանձնվել 2012թ.:

ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաև բիզնես էր հիմնել Ռուսաստանում: 2019թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Գևորգ Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն (Благострой Сервис):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее