«Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա մոտեցումների տարբերություն։ Ինձ համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև, երբ մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»»,-168․am-ի եթերում՝ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ։ Չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է։ Չեմ ուզում բնորոշումներ տալ՝ դավաճանական, ապիկար և այլն, բայց այս ձախողումները տեղի են ունեցել այս իշխանությունների օրոք, և միայն հոգեբանական բարդույթները բավարար են, որ իրենք չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել։ Դրա համար մենք բազմիցս ասել ենք՝ հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով»,-ասել է Արշակ սրբազանը։
«Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ ուղղված Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել։ Խոսքը պատերազմից հետո նրա հրաժարականի պահանջի մասին Կաթողիկոսի խոսքին է վերաբերում։ Հիմա ասում է՝ բա ո՞վ… Դա մյուս հարցն է, բայց եղբա՛յր, ոչ դու։ Դու չես այն մարդը, ով պետք է որոշի երկրի հետագա ընթացքը։ Մարդը դժվար է ընդունում իր սխալը, բայց երկրի ղեկավարը պետք է կարողանա տարբերակվել։ Երբ դու ասում ես՝ պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել, դա միայն խոսք չպետք է լինի, այլ նաև պատրաստակամություն, առավել ևս, որ ոչ ոք չի պատրաստվում գնդակահարել։ Բայց պետք չէ թողնել, որ հարցը հասնի ինքնադատաստանի։ Վերջիվերջո, այստեղ չլինի պատիժը, կլինի այնտեղ՝ մահվանից հետո»,-հավելել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում