▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ի հայտում «տեխնիկական վրիպակ» է եղել

azatutyun.am-ը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու նոր՝ լրամշակված դիմում է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

«Ազատության» դիտարկմանը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված տեղեկանքում ընկերությունը նախատեսել էր 1 կգ ցեմենտի համար վճարել 57 հազար դրամ այն դեպքում, երբ շուկայում այն վաճառվում է շուրջ հազար անգամ ավելի էժան գնով, ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանն ասաց, թե դա տեխնիկական վրիպակ է:

«Վրիպակ է եղել: Փոխանակ գրվի սարքավորումներ և նրան համարժեք այլ նյութեր, այդ թվում ցեմենտ, գրվել է մենակ ցեմենտ», - ասաց Սարջանյանը:

Տեխնիկական վրիպակով այս տեղեկանքի տակ, նշենք, ստորագրել է անձամբ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը։

Ռուսաստանյան ընկերությունը, սակայն, չի մանրամասնում, թե առանձնացված ավելի քան 3.5 միլիարդ դրամով ցեմենտից բացի, ինչ այլ նյութեր ու սարքավուրումմներ է պատրաստվում գնել:

Թրանփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները վստահեցնում են, թե այն, որ ՀԷՑ-ը մանրամասն չի պարզաբանում, թե ինչի վրա և ինչպես են ծախսելու միլիարդավոր դրամները, վկայում է կոռուպցիայի մասին։

«Կարող է այդ սարքավորումը լինի, օրինակ, մեքենաների լվացման հետ կապված սարքավորումներ կամ կամայական այլ բաներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը մոտ 3500 էջ է։ Արտակ Մանուկյանը չի բացառում, որ սա միակ «տեխնիական վրիպակը» չէ․ - «Բացառված չէ, որ նախկինում էլ եղել են նման ծախսեր, և ինչ-որ մեկի անփութության կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրանք այնքան էլ խոշորացույցի տակ չի զննել»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, բաշխիչ ընկերությունում անարդյունավետ կառավարումն ակնհայտ է, ու չի բացառվում որ ՀԷՑ-ը հենց վրիպակների արդյունքում է կուտակել 250 մլն դոլար պարտք, որը հիմա փորձում է մարել շարքային սպառողների հաշվին՝ բարձրացնելով սակագինը․ - «Հիմնավորումները, որ այդտեղ վրիպակ կա, ես չեմ ընդունում: Սա հերթական անլուրջ, անպատասխանատու վերաբերմունքն է, որ իրեն թույլ է տալիս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» կազմակերպությունը: Այն, ինչ տեղի է ունենում այդ կազմակերպությունում, ցանկացած այլ մասնավոր կազմակերպության դեպքում այլևս այդ կազմակերպությունը գոյություն ունենալ չէր կարող»:

Սակագնի մարժայի մեջ ներառվող անհրաժեշտ նյութերի ցանկում հարյուրավոր այլ ապրանքներ կան, որոնց գները, ըստ փորձագետների, խիստ բարձր են դրանց շուկայական արժեքից։

Օրինակ, մեկ մետր կապի մալուխ գնելու համար ՀԷՑ-ը նախատեսել է 170 դրամ, մինչդեռ շուկայում ամենաբարձր գինը 100 դրամ է։ Մեկուսացված հաղորդալարի մետրի արժեքը բաշխիչ ընկերության տեղեկանքում 228 դրամ է, տոնավաճառում մոտ կրկնակի էժան՝ 105-135 դրամ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն սկսել է ուսումնասիրել ՀԷՑ-ից հայտը։ Ըստ հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանի, ցեմենտի անճշտության մասով նոր դիմումն արդեն ստացել են։

Թեև ընդհանուր հայտի ծավալը հսկայական է, հանձնաժողովից վստահեցնում են, բոլոր տվյալները խոշորացույցի տակ են, և ՀԷՑ-ի սխալ կամ չհիմնավորված ծախս չի վրիպելու իրենց ուշադրությունից․ - «Կլինե՞ն նման փաստաթղթեր՝ թերի, ռուսալեզու կամ որևէ այլ՝ մեր կողմից չընդունելի պահ պարունակող, անպայման դրանք հետ կուղարկվեն վերամշակման»:

Ի դեպ, ֆինանսկան ճգնաժամի մեջ հայտնված և մոտ 250 մլն դոլար պարտք կուտակած ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի հաշվին նախատեսել է նաև բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее