▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․․․

Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է․ «Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․․․

Փաստորեն՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման հանդիսավոր երդում տված պետական պաշտոնյան, որ ուխտել էր բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը, ոչ միայն գործնականում բազմիցս դրժել է պետական իր ուխտը, այլև Հայ Եկեղեցու հայրենասիրական-ազգապահպան քարոզներն սկսել է որակել․․․ «ծայրահեղական իսլամի դրսևորումներ»։

Ավելին՝ նրա տրամաբանությամբ գործելու դեպքում պետք է հայ նվիրյալ եկեղեցականների մի ողջ փաղանգի հետմահու հռչակել ծայրահեղ իսլամիստ։ Այս ամենը, անշուշտ, խիստ զավեշտալի կհնչեր, եթե զերծ լիներ գործնական ողբերգական հետևանքներից և հայ հոգևորականների բռնաճնշումներից ու ձերբակալություններից։ Իրական նպատակն ակնհայտ է՝ շարունակել «եկեղեցական բարեկարգություններ» կոչվող փաթեթավորմամբ ներկայացվող հրեշավոր ծրագրի իրագործումը․․․

Բազմիցս հիմնավորել ենք՝ Հայ Եկեղեցին ազգային Եկեղեցի է և իր պատմական առաքելության ընթացքում մշտապես առաջնորդվել է «Աստված և հայրենիք» անսակարկելի գաղափարաբանությամբ։ Իսկ թե ի՛նչ է լինում, երբ հայրենապաշտությունը հորջորջվում է ծայրահեղ իսլամիզմ, կարող է պատկերացնել փոքրիշատե գիտակից յուրաքանչյուր ոք․․․

Այսու, ներկայացնում ենք հայ նվիրյալ հոգևորականության՝ հայտնի պաշտոնյայի բնութագրմամբ մի «սև ցուցակ»․ հոգևորականներ, որոնց համար հավատի և հայրենիքի գոյատևության համար մեռնելն անմահություն էր, գործելը՝ ի վերուստ սահմանված առաքելություն։

4-րդ դարի սկզբին Ս․ Վրթանես Հայրապետը հայ-պարսկական պատերազմում նահատակված հայորդիների վերաբերյալ իր ճառում ասում է․ «Մխիթարվեցե՛ք Քրիստոսով, որովհետև նրանք, որ մեռան, մեր աշխարհի, եկեղեցիների ու աստվածատուր հավատի համար մեռան, որպեսզի մեր աշխարհը չգերվի, քարուքանդ չլինի, սուրբ եկեղեցիները չպղծվեն․․․․ Որովհետև եթե թշնամիները մեր աշխարհը գրավեն, այստեղ կհաստատեն իրենց անօրեն, անհավատ, անաստված կարգերը, որ, հուսանք, թե երբեք լինելու չէ․․․․ Ուրեմն նրանց չլանք, այլ արժանապես պատվենք նահատակների հետ․ մշտապես կարգ սահմանենք ամբողջ մեր աշխարհում, որ ամեն ոք անխափան կատարե նրանց քաջության հիշատակը»։

Նույն դարավերջին Ս․ Ներսես Մեծը Ձիրավի ճակատամարտից առաջ Հայոց բանակի հաղթության համար օրհնում էր սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի զինական ուժը․ «Հայոց զորավար-սպարապետ Մուշեղը բերեց եպիսկոպոսապետ Ներսեսի մոտ իր նշաններն ու զենքը, որ օրհնե, և այնուհետև ինքը իջնե պատերազմ»։ Իսկ ինքը՝ Ս․ Ներսեսը, ճակատամարտի ողջ ընթացքում, ձեռքերը վեր բարձրացրած, աղոթում էր Հայոց զորքի հաղթանակի համար։ Պատմական այդ կարևոր պահն է Գարեգին Նժդեհին ոգեշնչել է, որ գրի․ «․․․․Ներսես Մեծը բարձրանում է Նպատ լեռը, ձեռքերը բարձրացնում դեպի երկինք և աղոթելով չի իջեցնում ձեռքերը, մինչև որ չեն հաղթում հայերը: Ահա՛ հաղթելու գաղտնիքը:

Ներսես Մեծը լեռան վրա. Ինչպիսի՜ վեհ պատկեր։ ․․․․Մեծ Պարթևը լեռան վրա: ․․․․Գտել եմ, որ այն բոլոր դեպքերում, երբ Ներսես Մեծի նման մեկը «բարձրացել է լեռը», երբ մեր ցեղը լարել է իր բովանդակ ուժերը և չի տկարացել հոգով, մինչև որ տեղի կտար թշնամին, միշտ էլ հաղթության դիցուհին իր ոսկե մատներով պսակադրել է հայ զինվորի ճակատը: Իսկ երբ չի գտնվել պարթևատիպ առաջնորդը, որ կարողանար լարված պահել ժողովրդի ուժերը, չթուլացնել ժողովրդի բազուկը, մինչև որ կտկարանար թշնամին, երբ պակասել է կատարյալ առաջնորդը, պարտությունն ու ամոթն են եղել հայ զորքի բաժինը»: Ի դեպ, իշխանական որոշ ներկայացուցիչների կարծիքով էլ Գարեգին Նժդեհն է ծայրահեղ ազգայնական։

Մի՞թե անցյալում որևէ մեկը կհամարձակվեր Ս․ Ղևոնդ Երեցին մեղադրել իբրև ծայրահեղականի՝ Ավարայրի ճակամարտից առաջ զորքին ուղղված նրա քաջալերական խոսքի և ինքնազոհ վարքի համար․ թերևս միայն թշնամուն էր սարսափեցնում նրա խոսքը․ «Եթե ուրեմն մահը մեռնում է մահով, չվախենա՜նք Քրիստոսին մահակից լինել, որովհետև ում հետ որ մեռնենք մենք, նրա հետ էլ կկենդանանք․․․․ Այս գիտենալով, եղբայրնե՛ր, չթուլանա՛նք ու չվհատվե՛նք, այլ պինդ սրտով և հաստատուն հավատով հոժարակամ հարձակվե՛նք այն թշնամիների վրա, որ վեր են կացել-գալիս են մեզ վրա»։

Ամբողջ միջնադարյան պատմությունը լի է համանման դրվագներով ու քարոզներով, և նախնյաց անպարտելի ու քաջարի ոգին երբևէ չի լքել նաև հետագա դարերի հայ եկեղեցականներին, որոնք մահվան սպառնալիքի ներքո պայքարել են Հայաստանի ազատագրության համար։ Ո՛վ կարող է մոռացության մատնել Հայրենյաց պաշտապանի՝ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի՝ կամավորական ջոկատներ կազմելու և հայրենիքն օտար բռնակալությունից ազատագրելու հայրենանվեր գործը։ Նա մարտական կոչով էր դիմում ժամանակակիցներին և ոգեշնչում նրանց․ «Հասավ ժամը, երբ մեր աչքով պիտի տեսնենք Արարատյան աշխարհի և Հայոց ազգի ազատությունը, հասավ ժամը, երբ Մայր Աթոռը պիտի վերականգնի յուր վաղեմի անկախությունը: Ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցե՛ք օտարի լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապրեցե՛ք ազատ․․․․»։

Ո՛վ կարող է մոռանալ ֆիդայական շարժման գաղափարախոսին՝ Խրիմյան Հայրիկին, որի բոցաշունչ ճառերն ու քարոզները կոփում էին հրաշունչ ոգիներ․ «Ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մէկ-մէկ զէնք տարէք, զէնք առէք և դարձեալ զէնք: Ժողովո՛ւրդ, ամենէն առաջ քո ազատութեան յոյսը քո վրայ դիր, քո խելքին և բազկին ոյժ տուր, մարդ ինքնիրմէն պէտք է աշխատի, որ փրկուի»։

Մի՞թե կարելի է ուրանալ Սարդարապատի հերոսամարտը, որի ժամանակ Նոր Ղևոնդ Երեցի՝ Գարեգին եպս․ Հովսեփյանցի մարտական կոչ-նշանաբանն էր՝ «Այսօր միայն հաղթանակն է, որ պիտի հայությանը փրկի վերահաս կործանումից։ Ուրեմն, կռվե՛նք և հաղթե՛նք, հաղթե՛նք և ապրե՛նք»։ Իսկ գո՞ւցե որոշ պետական այրեր սթափվելու համար կարդան Գարեգին եպս․ Հովսեփյանցի «Ներքին թշնամին» հոդվածը՝ գրված դասալիքների դեմ։

Վերոնշյալ տխրահռչակ՝ իրականում ծածուկ դիտավորություն հետապնդող տրամաբանությամբ՝ ծայրահեղականության մեղադրանքից չի խուսափի նաև Գևորգ Սուրենյանց կաթողիկոսը, որ 1920 թ․՝ հայ-թուրքական պատերազմի նախօրեին, համայն հայությանը կոչ էր անում․ «Ամեն մի անձնավորություն, որ կրում է իր վրա հայի անունը և իր երակներում՝ հայ արյունը, հայրենիքի և հայության դատի և պատվի արդար ցասումով և վրեժխնդրությամբ դատախազ պետք է կանգնի այդպիսի վատազգի և անարգ արարածների հանդեպ, որոնք անարգ մամոնայի ցանկությամբ, Հուդայի նման վաճառում են և՛ հայրենիք, և՛ ազատություն, և՛ ընկերոջը, և՛ հայի անունը․․․․ Հայրենիքի ամեն մի դավաճան, լինեն նրանք անհատներ, թե համայնքներ, պետք է վաղ թե ուշ կրեն իրենց արժանի պատիժն ու պատուհասը։ Ու տակավին կանգուն է Հայ Եկեղեցին, և նրա մեջ դեռ հնչում են Ներսեսի, Սահակի, Մեսրոպի, Ղևոնդի և ուրիշ հայրերի ձայները, և Մենք՝ նրանց հաջորդներս, գիտենք Հայրենիքի դժվարության օրերին հանդես գալ նրա պաշտպանության և ամբողջական պահպանության համար»։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գևորգ արք․ Չորքեչյանը, որպես ազգընտիր տեղապահ, դիմում էր ողջ հայությանը․ «Հայ անձնվեր հոգևորականները ահավոր թշնամու դեմ մղվող պայքարի ժամին խաչն ու Ավետարանը ձեռքներին դեպի հաղթություն են առաջնորդել հայ զորքին․․․․ Հայրապետական Աթոռը հրավիրում է աշխարհի բոլոր մասերում ցրված հայերին համախմբվել Մայր հայրենիքի՝ Հայաստանի շուրջ, Հայրապետական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի շուրջը․․․․»։

Նույն ոգով նաև Վազգեն Ա Պալճյան հայրապետը 1992 թ․ օգոստոսին Հայ Եկեղեցու համայն հոգևորականությանն ուղված իր կոնդակում գրում է․ «Այս օրերին, երբ մեր ողջ ազգը միասիրտ ու միակամ իր անկախ պետության հիմքերն է ամրապնդում և ցուցաբերում է հոգու աննման տոկունություն՝ դիմագրավելու ամեն դժվարություն և փորձություն, երբ հազարավոր կամավոր ազատամարտիկներ իրենց կյանքն են զոհաբերում մեր Արցախ աշխարհի երկնամերձ բարձունքներում, Մենք, իբրև Հայրապետը Հայոց, մեր Եկեղեցու հոգևոր զինվորներից սպասում ենք առավել անձնուրացություն, առավել նվիրումի ոգի, ժողովրդին զորավիգ կանգնելու ամեն տեղ ու ամեն առթիվ, բանիվ և գործով ու անձնական օրինակով»։

Արդյո՞ք Արցախի կորուստը, հազարավոր քաջորդիների նահատակությունը, 412 վանք ու եկեղեցի և բազմահազար խաչքար թշնամուն հանձնելը, արցախահայության բռնի տեղահանությունը, հայորդիների՝ Բաքվի և Երևանի բանտերում ապօրինի ազատազրկումը, բռնաճնշումները, Սահմանադրության և օրենքների խախտումները, Հայոց ցեղասպանության ուրացումն ու պահանջատիրությունից հրաժարվելը, հայի ինքնության խեղումը բավարար պատճառներ չեն, որ այսօր էլ Ղևոնդյանց ոգեկիր հայ հոգևորականը գործի ոչ միայն հոգու փրկության, այլև հայրենիքի պահպանության համար․․․

Ինչ վերաբերում է Հայոց Եկեղեցու խորանից հնչող քարոզներին՝ տեղին և ժամանակին ասված ճշմարիտ խոսքը միշտ ցավեցնում է, և առավելապես, երբ այն հաճո չէ անձի քիմքին, կանխորոշված ծրագրերին, արժեհամակարգին ու բարոյական նկարագրին․․․

Հայոց Եկեղեցին, ցավոք, այսօր կանգնած է ընտրության առջև՝ դառնալ պանթյուրքիզմի գաղափարախոսության ջատագով և պանթուրանական ծրագրի իրագործման համար գործիք, թե մնալ հայոց ինքնության պաշտպան և Հայոց հայրենիքի գոյության հարատևման հիմնասյուն, ոմանց պահանջով դառնալ լուռ հանդիսատես՝ սպասող նոր ողբերգական իրադարձությունների ու կորուստների, թե շարունակել հայրենապահպան և ազգանվեր առաքելությունը․․․ Պատասխանը միանշանակ է՝ պատմական ընթացքով արձանագրված․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее