Համացանցում տարածված նյութը՝ հայուհու 15 պատվիրանների մասին, լայն քննարկման առարկա է դարձել՝ ոմանք քննադատում են այն , ոմանք էլ կողմ արտահայտվում դրան:
Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն, օրինակ, գրել է.« Էս հայուհու պատվիրաններ գրողն ով է? Իրեն Մովսես է երևակայում ու ինչ-որ նորմեր է սահմանում... Ասա՝ գնա քո համար հեռու մի տեղ ապրի, մարդ չիմանա տեղդ: Նենց տեղ, որ Գուգըլ-մափով չկարանանք գտնենք»:
Իսկ Գևորգ Գյուլումյանն էլ հետևյալ կարծիքն է հայտնել.«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քննադատում են այս նյութը, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս, ազգային ինքնության պահպանումը, թե՞ ի վիճակի չեք Հայուհի լինել: Այնքան եք հեռացել Ձեր արմատներից, որ մոռացել եք թե ով եք Դուք, Հայուհի, թե չ՛ Հայուհի: Իհարկե մեր ժամանակների համար, որոշ անըմբեռնելի կետեր կան, բայց դա է եղել Հայուհու սկզբնական կերպարը, այնպես, որ մի գարշեց Ձեր արմատներից, դա սրբապղծություն է, մի թքեք Ձեր արմատների վրա, դա բարոյական չէ, Հայ մնացեք, ահա Ձեր առաքելությունը:
Հ.Գ.
Ինչպես վերևում նշեցի, որոշ կետեր կային, որոնք իրոք անըմբռնելի էին, բայց հիմնականում հիանալի հոդված է, դե համենայն դեպս իմ ճանաչած Ճշմարիտ Հայուհիները հավանեցին»:
Ստորև կարող եք ծանոթանալ նյութին, իսկ եթե այն հավանեք ՝ կարող եք նաև տարածել սոցիալական ցանցերում:
Հայուհին պիտի հիշի, որ իր կյանքը ծնված պահից պատասխանատվություն է նրանց առջև, ով այն պարգևել է իրեն: Այն պատասխանատվություն է Աստծո, ծնողների և արմատների առջև:
Հայուհին պիտի հարգի և պատվի իր ծնողներին և կատարի նրանց կամքը, անգամ եթե այն հակասում է իր սեփական ցանկություններին:
Հայուհին պիտի իմանա, որ որտեղ էլ ծնված լինի և ապրի, իր կյանքի գլխավոր լեզուն հայերենն է, գլխավոր պատմությունը` հայկականը, գլխավոր խոհանոցը` հայկականը, լավագույն երաժշտությունը` հայկականը:
Հայուհին պիտի իմանա, որ իր ապագան կարող է կապված լինել միայն հայի հետ:
Հայուհին պիտի հասկանա, որ հայ տղամարդն ընտանիքի գլուխն է, և շատ դեպքերում նա ստիպված կլինի գնալ միակողմանի զիջումների. դրանում է կայանում իր իմաստությունը:
Հայուհին պիտի դաստիարակի իր երեխաներին հայկական ավանդույթների շրջանակներում. նա պետք է իսկական հայրենասերների մեծացնի, ովքեր առանց մտածելու պատրաստ կլինեն Հայրենիքի համար կյանքը տալ, անգամ եթե երբեք այն չեն տեսել:
Հայուհին չպետք է խմի, ծխի և հայհոյի:
Հայուհին չպետք է անգամ նայի այն ազգերի ներկայացուցիչներին, ովքեր դարեր ի վեր համարվել են հայ ազգի թշնամին:
Հայուհին չպետք է խառնվի երկու հայ տղամարդկանց խոսակցությանը. նա պետք է իրեն համեստ պահի:
Հայուհին պետք է հավատարիմ լինի իր ամուսնուն հոգով և մարմնով:
Յուրաքանչյուր հայուհի պետք է իմանա, որ իր փոքրիկ ներդրումը հայ ազգի պահպանության գործում իսկական հերոսություն է ազգի համար:
Եթե հայուհին խախտում է հայուհու կյանքի սկզբունքները, ապա նա արժանի չէ հայ կոչվելու, քանի որ նրա ամոթը ողջ ազգի ամոթն է:
Հայուհին չպետք է այցելի խաղատներ, գիշերային ակումբներ և դիսկոներ, քանի որ նման վայրերը նախատեսված են ցածր բարոյական դաստիարակությամբ մարդկանց համար:
Հայուհին պետք է ամեն կիրակի եկեղեցի գնա:
Հայուհին պետք է գնահատի և հարգի իր հայ տղամարդուն և նրանից խորհուրդներ հարցնի:
Նյութը՝ mypage.am-ի