ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երեկ, այսօր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են 2020-ին Գորիս-Կապան-Ճակատեն ադրբեջանցիների կողմից փակված հայկական ճանապարհին։ Լավ է, որ վերջապես հիշեցիք։ Բայց աղավաղված, առանց վերլուծելու։
Նախ, այդ ճանապարհը Ադրբեջանի տարածք է ճանաչվել 2020թ դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ։ Այն ստորագրել են Հայաստանը և Ադրբեջանը (ստորագրվել է ՊՆ-եր Հարությունյանի և Հասանովի կողմից)։ Հայկական կողմի խոստովանությամբ, այդ շուրջ 400 քառ. կմ հայկական տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառնում էր գրավել Գորիսը։ Բնականաբար ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դոբրոն։ Ռուսները պիտի վերահսկեին երթևեկությունն արդեն Ադրբեջան ճանաչված հայկական ճանապարհին։
Սակայն Ադրբեջանը արդեն 2021-ի գարնանը փակեց ճանապարհը՝ ասելով, որ այն փակ կլինի քանի դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոստացած անխափան ճանապարհը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան չի տրամադրվել։
Ռուսներն անելիքից զրկվեցին, իսկ 2024-ի սկզբներին Հայաստանը խնդրեց նրանց լքել տարածքը։
Տարօրինակ է, որ այդ օրերին (2020-ի վերջ) դեպքի վայր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Ա.Թաթոյանը վերը նշված հանցագործության մասին ծպտուն չհանեցին»։