▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում տեղի է ունենում սեփականության վերաբաշխում՝ միջազգային հանրության լռության պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան

«Մի կողմից քաղաքական հարձակումներ են տեղի ունենում ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, զուգահեռ հարթության մեջ շատ ընդգծված ձևով Հայաստանում տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։ Սա, ի դեպ, տեղի է ունենում միջազգային հանրության լռության պայմաններում»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Փաստացի, հետընտրական ժամանակահատվածում չկա որևէ լուրջ հակազդեցություն։ Սրանով, ըստ էության, ցույց է տրվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նաև աշխարհաքաղաքական ֆոնը և կոնկրետ դերակատարների շահագրգռվածությունը։ Այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ, և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով շատ լուրջ ազդակ է նաև ներսի ու դրսի ներդնողների համար»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

***

«Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացներն ունեն միայն քաղաքական բնույթ։ Նախընտրական շրջանում այդ ի՞նչ էր ասել կամ արել Գագիկ Ծառուկյանը, որ փորձում են անել այն, ինչը քաղաքական հետապնդում բառից այս կողմ՝ ուրիշ որակավորում ոչ ոք չի կարող տալ»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ «Հանրային համերաշխությա՞ն համար են այս ամենն անում, որ կոչ էր անում՝ հերիք ա իրար ատեք, իրար խժռեք, թե՞ նրա համար, որ ասում էր՝ ժողովուրդ ջան, իրավիճակ ա փոխվել, այսօր երկիրը կանգնած ա լրջագույն վտանգների առաջ։ Պետք է հստակ ֆիքսել, որ ունենք մի իրավիճակ, երբ երկրում գրեթե չի աշխատում ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրինականություն, ոչ մի բան ընդհանրապես»,- շարունակեց Աբովյանը։

***

«Այն մարդիկ, որոնք պաշտպանում են Անկախության հռչակագիրը, նրանք ինձ համար հայրենասեր մարդիկ են և Հայաստան պետության ջատագովներ, իսկ նրանք, ովքեր Անկախության հռչակագրին դեմ են գնում, տեղ չունեն քաղաքական դաշտում»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Սա զուտ քաղաքական հարց չէ, սա մեր պետության խնդիրն է։ Դրա համար պետք է համախմբվել, ոչ թե գնալ, ընդդիմությանը ընդդիմություն դառնալ։ Պետք է միասնական և իմաստավորված պայքարել։ Ժողովո՛ւրդ ջան, այդ վախի մթնոլորտից դուրս եկեք, որոշ քաղաքական դերակատարնե՛ր, խոսեք, ամոթ է, չնայած ես 2018թ․ եմ տեսել, թե ոնց են Սերժ Սարգսյանին մի օրում ուրացել, Ծառուկյանին էլ կուրանան ու կուրանան»,- շարունակեց Շարմազանովը։

***

«Վստահ եմ՝ բոլորդ տեսել եք Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերը, վստահ եմ նաև, որ այդ կադրերը արված էին շատ քիչ զանգվածի և ինչ որ մեկի անձնական քմահաճույքների համար»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մխիթարյանը։ «Որպես փաստաբան՝ կարող եմ ասել, որ կարելի է նման ձևով ձերբակալել որևէ մեկին, բայց պետք է մի քանի բաներ հաշվի առնել․ նախ, թե մարդն ինչ հանցանքում է մեղադրվում՝ մարդասպա՞ն է, այլ ծանր հանցագո՞րծ, հետո՝ անձը դիմադրությո՞ւն է ցույց տալիս, թե՞ ոչ։ Բայց երբ Գագիկ Ծառուկյանի դեպքում մենք տեսնում ենք, որ 70 տարեկան բարերար, գործարար մարդը նման ձևով է ձերբակալվում իր տան մեջ, երբ իր տան մեջ մենակով կանգնած է, առանց դիմադրության՝ դա ծիծաղելու էլ չէ, աբսուրդի ժանրից է։ Եթե դա շոու չէր, ամենայն անկեղծությամբ, չեմ հասկանում, թե ինչ էր, ինչ կարիք կար նման ճանապարհ անցած մարդուն նման ձևով ձերբակալել»,- նշել է Մխիթարյանը:

***

«Օրը ցերեկով ահաբեկում են մարդկանց, օրը ցերեկով մարդիկ, որոնք իրենց հանապազօրյա հացն են վաստակում, այսօր գործազուրկ են: Այսինքն վնաս է կրում տնտեսությունը, քաղաքական դաշտը չեզոքացվում է և այս պարագայում խոսել նրա մասին, որ Հայաստանում դեմոկրատիա է, կներեք, ծիծաղելի է»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Այս իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը, այս մարդիկ Հայաստանի Հանրապետության թշնամիներն են, այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի, եթե դա տեղի չունենա, ՀՀ տնտեսությունն էլ է լինելու խայտառակ վիճակի մեջ, կոնկրետ գյուղատնտեսությունը նաև այս քայլերով է ոչնչացվում․ վաղը, մյուս օրը խաղողագործները պետք է խաղող մթերեն, որտե՞ղ են մթերելու, եթե ամենամեծ մթերող հիմնարկներից մեկը փակվում է, նույնը՝ «Արարատցեմենտ»-ի դեպքում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее