ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա կրկին պատասխանել է քաղաքացիների հարցերի։ Հարցին՝ արդյոք կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և եթե լինեն, ՀՀԿ-ն կմասնակցի՞, Աշոտյանն այսպիսի պատասխան է տվել. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում, այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021 թվականի խորհրդարանական արտահերթի դեպքում։ Գիտեմ, որ ՀՀԿ-ում նման հարց չի քննարկվել դեռ։ Կարծում եմ՝ իմ կուսակցության կայացրած որոշումը մի շարք սկզբունքային հարցերից է կախված լինելու, որոնցից կարևորագույնը հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությունն է։ Պարզապես Խորհրդարանում հայտնվելը, ինչը Հանրապետականի` որպես քաղաքական դաշտի առաջատարներից մեկի համար, կարևոր խնդիր է, չի կարող լինել միակ հիմնավորումը մասնակցության համար։ Հնարավոր արտահերթի դեպքում կարիք կլինի հստակեցնել մեր պոտենցիալ մասնակցության նպատակները և առաքելությունը»: |
Թարմացված․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցին՝ Փաշինյանն ազատել է աշխատանքից Լոռու մարզպետին, առհասարակ նա խառն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ, պատասխանել է. «Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում ասած, այդքան ստորություններ և մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած՝ «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը, նախևառաջ, իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաև` ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսևորում է «քաղաքական կենսունակության» ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ուստի անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը։ Որոշակի տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարիքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա»։ |
«Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում». Աշոտյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet