Այսօր կայացել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հավաքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ ՀԿ հիմնադիր նախագահ՝ ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ընթերցեց իրենց կողմից գրված հայտարարությունը՝ ներկայացնելով հավաքի նպատակները․
«Մենք այսօր կանգնած ենք զանազան ոտնձգություններից մեր եկեղեցին պաշտպանելու հարցի առջև։ Հայ առաքելական եկեղեցուն թիրախավորած զանազան խարդախ, զազրախոս, թշնամիների կողմից գործող խմբավորումներն ու «հասարակական նախաձեռնությունները» կրկին ակտիվացման հրահանգ են ստացել, ճիշտ նույն սցենարով, ինչպես 2018-ին, երբ անաստված խառնամբոխը խուլիգանաբար ներխուժեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան, հարձակվեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի վրա։ Հակաեկեղեցական արշավներով փորձ արվեց նսեմացնել, պղծել մեր սուրբ հողը»,- իր խոսքում հայտարարեց Գևորգյանը։
Նրա համոզմամբ՝ հակահայ ուժերի կողմից հրահանգված այս հարձակումները ինչպես 2018-ին, այնպես էլ օրերս կրկին ձախողվեցին, և նրա պնդմամբ՝ հաջորդիվ էլ են ձախողվելու, որովհետև իր խոսքով՝ իրենք շարունակելու են աննահանջ պաշտպանել հային հայ պահող Հայ Առաքելական եկեղեցին։