«Հրապարակ» թերթը գրում է.
Հինգշաբթի օրվանից Հայաստանի մայրաքաղաքում, գյուղերում եւ քաղաքներում մարդիկ տագնապով հետեւում են լուրերին եւ մխիթարական քիչ բան են կարդում ու լսում։ Մինչ հայ-ռուսական միացյալ զորախումբն «Արագած-2015» համատեղ զորավարժություններ էր անցկացնում, շփման գոտում կրակում էին։ Պատերազմի տագնապալի սպասումն սկսվեց Տավուշի գյուղերի գնդակոծումից եւ 3 կանանց մահվան գույժով։ Նրանցից երկուսը ծեր էին՝ 90 եւ 83 տարեկան։ Ո՞վ կսպասեր, որ այս տարիքում մարդը կարող է մահանալ ոչ թե բնական մահով, այլ թուրքի գնդակից։ Պայծառ Աղաջանյանը Պառավաքարի իր այգում «պնդուկ» էր հավաքում։ Մյուս տատիկը՝ Շուշան Ասատրյանը, 1921 թվի ծնված, մահացել է վագոն-տնակում, որտեղ ապրում էր, իսկ կանանցից ամենաերիտասարդը՝ Սոնյա Ռեւազյանը, երկու երեխայի մայր, սպանվել է բակում, անասնագոմի մոտ։
Շաբաթ օրը, դիտելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր թողարկումը, սպասում էինք, որ, ահա, եթերում կհայտնվեն զոհերի ընտանիքները, կերեւան այն բակն ու վագոն-տնակը, որոնց մոտ պայթեցին ականները, երեխաները, որոնք մնացին առանց մոր։ Խաղաղ բնակչության տառապանքի կադրերը կցնցեին ոչ միայն մեզ, այլեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին, օտար պետությունների քաղաքացիներին։
Հանրային հեռուստատեսությունն ուղղակի պարտավոր էր այդ օրն առնվազն մի քանի նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ ռեալ իրավիճակը ներկայացնելու, սահմանամերձ գյուղերի բնակիչների ձայնը երկրով, մոլորակով մեկ լսելի դարձնելու համար։ Նաեւ ցուցադրելու այս օրերին ԼՂՀ շփման գոտում ադրբեջանցիների կողմից կիրառված թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքը եւ այն, ինչ վկայում է այս զենքի կիրառման մասին։ Հանրային հեռուստատեսությունն այս օրերին պարտավոր էր անընդհատ ուղիղ միացումներ տալու դեպքի վայրից՝ այն, ինչ, անշուշտ, կանեին ռուսական ОРТ-ն եւ Россия-ն, որոնց Հ1-ը սովորաբար կապկում է։ Ինչո՞ւ Հ1-ը պետք է լուսաբանի ողբերգական դեպքերը, աշխարհին կադրերով, վավերագրությամբ ներկայացնի միջազգային իրավունքի այն խախտումները, որ կատարվել են այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին, հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ։ Որովհետեւ հենց այս հեռուստատեսությունն է պետությունից գումար ստանում եւ պարտավոր է իր վրա կրելու պետական քարոզչության, միջազգային կարծիք ստեղծելու, պետության համար առանցքային հարցերի շուրջ հանրային կարծիք ձեւավորելու բեռը։
Մյուս TV-ները կարող են անել դա կամ ոչ՝ բարոյականության եւ գովազդային «թանկ» րոպեներից ստացված գումարների, դրանք ազգանվեր նպատակների ծառայեցնելու ցանկության չափով, բայց Հանրայինը պարզապես պարտավոր է։ Եվ ի՞նչ ենք տեսնում սրա փոխարեն։ Դեպքերի օրը, երբ Տավուշում կանայք զոհվեցին, գյուղացիներ վիրավորվեցին, իսկ Ղարաբաղում զինվորները ծանր վնասվածքներ ստացան, ոմանք էլ մահացան, նրանք դժգույն, անդեմ եւ անկադր ինֆորմացիա էին կարդում եթերում, ի դեպ, սկսելով լրահոսը, ինչպես միշտ, հիերարխիկ կարգով՝ սկզբում ՀՀ նախագահին ցույց տալով, հետո վարչապետի Չինաստան կատարած այցը։ Հետո միայն, չինացիների դեմքերից, ցեղասպանության վերաբերյալ խիստ «արդիական» նյութերից հետո խոշոր պլանով մի ծակ կտուր եւ մի կրակած ցանկապատ ցույց տվեցին Հ1-ի արխիվից եւ պատմեցին Տավուշի ողբերգության մասին։ Նույնը՝ շաբաթօրյա թողարկմանը։ Ոչ մի կադր, ոչ մի կենդանի դեմք, ոչ մի մարդկային ողբերգություն։ Փոխարենը՝ պաշտոնյաների նկարներ եւ բառը մեկ սայթաքող հաղորդավարուհի կադրում, որը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պարգեւատրումների եւ մարդկային զոհերի մասին նույն ուրախ եւ անհաղորդ ձայնով է պատմում, ինչ տնտեսական հաջողությունների եւ մշակութային իրադարձությունների։ Իսկ գյուղերում սպասում էին։ Նրանց այս օրերին օդ ու ջրի նման տեսախցիկներ են պետք, որոնք նրանց հաստատ կոգեւորեն եւ կցրեն մեկուսացվածության պարանքը: