▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու ավագանու կազմում ԼԱՎ ՊԱՊԱՆԵՐԻ ՏՂԱՆԵՐ են ընտրվել

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության ավագանու թեկնածու, «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի հայտարարությունը։

Վահան Թումասյանը  ՏԻՄ ընտրություններում հավաքել էր 581 ձայն և չի ընտրվել ավագանու անդամ։

Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններն իրոք ազատ էին, համենայնդեպս յուրաքանչյուր ընտրող թեկուզև 1000 կամ 3000 դրամ կաշառքը վեցնելով կարող էր ազատ քվեարկել իր կամքով: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր վստահեցին և քվեարկեցին իմ օգտին: Այս ընտրություններն ինձ համար շատ կարևոր էին, դրանցից քաղեցի մի շարք դասեր:

Ամենադաժան դասը

Գյումրիում ընտրությունից ընտրություն պակասում է խելամիտ ու անկախ ընտրողների քանակը` արտագաղթում են հատկապես նրանք: Հասարակության մի հսկա զանգված իրեն կառավարելու ժողովրդավարական մեթոդներից զզվում է, նրանք գիտակցաբար խաբվելուց հաճույք են ստանում. քաջ գիտակցելով, որ 1000-ից 3000 դրամով իրենց ընդամենը տանելու են, ինչպես ասենք, փողոցային ամենավերջին մարմնավաճառին, միևնույն է` դրանից գոհ են, որովհետև րոպեական հաճույք են ստանում:

Բայց... բայց այսքանով հանդերձ մենք նրանցից նեղանալու ու երես թեքելու իրավունք չունենք, նրանք մարդ են, հայ են ու առավել ևս մեր համաքաղաքացիներն են: Մենք պարտավոր ենք նրանց փոխել, մենք պարտավոր ենք նրանց հանդեպ այնպես վարվել, որպեսզի հասկանան, որ փողոցում մարմնավաճառությամբ զբաղվելուց ավելի վեհ բաներ կան կյանքում:

Դասերից ամենահաճելին

Սեպտեմբերի 9-ին գյումրեցի ընտրողների կողմից ինձ հասցված ապտակը անկեղծ ասած` մի պահ ցավոտ էր, սակայն շատ սթափեցնող և օգտակար, ինչպես ասենք «հայրական ապտակ» կոչվածը:
Այն մի շարք նախապաշարմունքներից և կապանքներից ազատվելու ինձ ուղղված կոչ էր: Ավելին ասեմ, գյումրեցիներն ընդամենը մի ապտակով ինձ օժտեցին ազատ գործելու և մտածելու հնարավորությամբ: Ես այլևս որևէ պարտավորություն չունեմ որևէ անձի կամ որևէ խմբավորման հանդեպ: Կարծում եմ արժեր հանուն ազատության` նման ապտակ ստանալ: Այսուհետև կարող եմ աշխատել և օգնել մարդկանց ճիշտ այնքան, որքան ներում են իմ ուժերը կամ որքան ես կամենամ: Ի դեպ, ես արդեն վերականգնել եմ իմ սովորական աշխատանքային առօրյան «Շիրակ կենտրոնում», և հաջորդ շաբաթվանից կվերանգնենք ընտրությունների պատճառով մոտ մեկ ամիս առաջ դադարեցված` ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից աղքատ ու անօթևան հարյուրավոր գյումրեցիների օգնության բաշխումը, ինչպես նաև անօթևան ընտանիքների բնակարանների տրամադրման գործընթացում մասնակցությունս: Այսպիսի բաներ ...

Հ.Գ. Եվ վերջում մեկ դիտարկում: Տեսնելով, թե այնուամենայնիվ ովքեր են հիմնականում ընտրվել Գյումրու ավագանու կազմում` լավ պապաների տղաներ, երբեք որևէ տեղ ծպտուն չհանած մարդիկ և այլն, միայն պիտի հուսամ, որ այս ավագանին ևս գոնե չափից դուրս շատ նեղ անձնական նախաձեռնություններ չի ցուցաբերի և կշարունակի նախորդների բարի ավանդույթը:

Վահան Թումասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее