2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառվել է 119 հազար 300 մարդ. սա ազատ, անկախ ու ապահով Հայաստանի երկրորդ քաղաքի բնակչության ցուցանիշն է, որն այսօր ընդունվում է որպես պաշտոնական վիճակագրական տվյալ: Իսկ խորհրդային ժամանակներում ու նույնիսկ հետանկախության առաջին շրջանում, մինչ արտագաղթի ծավալումը, Գյումրիի բնակչությունը հատել է 200 հազարը: Միաժամանակ, նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակ Գյումրիից անվերադարձ կերպով հեռանում է հինգ հարյուր մարդ: Մոտավոր հաշվարկներով ստացվում է` ամեն օր Գյումրիից հեռանում է հինգ - վեց հոգուց բաղկացած մեկ ընտանիք:
Կարճ ասած, Գյումրին աստիճանաբար ամայանում է: Քաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարելի է տեսնել փակ խանութներ` «վաճառվում է» ցուցանակով, պատերին` հայտարարություններ վաճառվող բնակարանների, տների ու անշարժ գույքի այլ տեսակների մասին: Ընդ որում, բոլոր վաճառողները բողոքում են, որ գնորդ չկա: Ըստ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալների` Գյումրիում անշարժ գույքի շուկայում այս պահին դիտվում է ընդհանուր անկում, ինչը, սակայն, զարմանալիորեն, չի ազդում անշարժ գույքի գների կամ միավոր քառակուսի մետր տարածքի արժեքի վրա (մեկ մետր քառակուսին` 309 հազար ՀՀ դրամ):
Բնականաբար, Գյումրու աստիճանական ամայացման այս պրոցեսն ազդում է քաղաքի ընդհանուր կյանքի վրա: Դա զգալի դարձավ նաեւ նախորդ տարի, երբ ֆիննախը Գյումրիին հատկացվող պետական դոտացիայի վերանայում իրականացրեց ու նվազեցրեց այն` պատճառաբանելով, որ քաղաքի բնակչությունը նվազել է: Այս տարի թեեւ Գյումրիին հատկացվող դոտացիան ավելացվեց եւ հասցվեց մինչեւ 2 մլրդ 37 մլն 189 հազար 800 դրամի, սակայն ավելացումը ոչ թե բնակչության աճի հաշվին է եղել, այլ, ինչպես քաղաքի ֆինանսական պատասխանատուներն են նշում, նվազագույն աշխատավարձի դրույքաչափի աճի, ինչը նշանակում է, որ դոտացիայով մարդիկ ուղղակի իրենց հասանելիք օրինական աշխատավարձերը կստանան, եւ ոչ մի խնդիր չի լուծվի Գյումրիում. քաղաքը կշարունակի մնալ ցեխի, քանդվող փողոցների ու վատ կենսապայմանների մեջ:
Արտագաղթը զգալի է նաեւ Շիրակի մարզի այլ բնակավայրերում: Դոտացիոն հատկացումների հաշվով եթե դիտարկենք, ապա մարզի 119 համայնքին տրամադրվել է 4 մլրդ 168 մլն դրամի դոտացիա, ինչը անցյալ տարվա համեմատ թեեւ ավելին է, սակայն դա հարաբերական է, քանի որ մարզի 79 համայնքում գումարն աճել է՝ ի հաշիվ հարկային մուտքերի ավելացման, 8-ում նվազել է բնակչության քանակի անկման պատճառով, իսկ 31 համայնքում էլ փոփոխության չի ենթարկվել, քանի որ հիշյալ համայնքները կարողացել են հողի հարկի, գույքահարկի եւ այլ հարկային եկամուտները պահել նույն մակարդակի վրա:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում