tsayg.am-ը գրում է. Գյումրու Մատնիշյան փողոցի նեղլիկ բակերից մեկում մի քանի տուն կա` մեկը մյուսին պատկից: Ասում են այստեղ ժամանակին միայն Քարտաշյաններն են ապրել: Նրանցից ոմանք մահացել են, ոմանք էլ վաճառել տներն ու մեկնել երկրից: 70-ամյա Մարտուն Քարտաշյանն այժմ ազգի ամենատարեցն է: Իրենց գերդաստանի մասին շատ բան չգիտի, միայն շեշտում է՝ Քարտաշյաններն անվանի ու սիրված մարդիկ են եղել:
Քարտաշյաններն Արևմտյան Հայաստանից են եկել: 1915 թվականը նրանց համար ևս եղել է բեկումնային. սպանդ, կոտորած, բազմաթիվ անմեղ զոհեր: Հայոց ցեղասպանության տարիներին գերդաստանը պառակտվել է` նախ Արթիկ, ապա նաև Գյումրի: Քարտաշյանները մեկ ազգից են սերում, բոլորն ազգականներ են: Մարտուն Քարտաշյանը լավ է հիշում տատիկի պատմածները, վստահ է` իրենք ԱՄՆ-ում բարեկամներ ունեն:
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանի մասին Մարտուն պապը վաղուց է լսել: Նույնիսկ երբեմն ծանոթ-բարեկամներով քննարկել են, մտորել, թե անվանի հայի ու իր բարեկամական արմատները որքան խորը կարող են լինել: Մարտուն Քարտաշյանն ասում է, որ Քիմ Քարդաշյանն իր ազգականն է հոր կողմից:
Իրեն Քիմ Քարդաշյանի ազգականը համարող պապիկն անգամ երբեմն փորձում է նմանություն գտնել Քիմի ու իրենց բարեկամների միջև, նայում է լուսանկարն ու համադրում հատկապես աչքերի գույնը: Դժվարությամբ տեղաշարժվող պապիկն ամեն օր փորձում է տեղավորվել համակարգչի առաջ ու հետևում է թե համացանցում ինչ են գրում Քիմի Հայաստան այցի մասին: Ոգևորությունը մեծ է:
Գյումրեցի այս ընտանիքի ցանկությունն այժմ մեկն է` տեսնել Քիմ Քարդաշյանին ու հյուրընկալել նրան իրենց տանը: Լսել են` հնարավոր է Քիմը գա նաև Գյումրի` գուցե իրենց էլ հյուրընկալվի: Սպասում են:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում