Դեկտեմբերը դեռ չեկած, թարմանում են հուշերս, որոնցից ջանադրաբար փորձում եմ փախչել, բայց ապարդյուն:
«Գողացված մանկություն»
Այդ առավոտը, ոչինչով չեր տարբերվում մյուս օրերից, բացառությամբ, որ գիշերը անձրև էր եկել և մարդիկ զարմացած էին եղանակի անսպասելի տաքացմամբ: Ձյուն դեռ չեր եկել, որը տարօրինակ էր տարվա այդ ժամանակաշրջանի համար, իսկ Լենինականը, հայտնի էր իր ցուրտ և ձյունառատ ձմեռներով: Մշուշոտ էր և ես շտապելով ուսումնարան, տատիս խնդրեցի կաղամբի թփով տոլմա փաթաթելու և դուրս վազեցի տանից:
Ինձ համար հետաքրքիր էր սովորել մի արհեստ, որը կապ ուներ ռադիոտեխնիկայի հետ: Այն ժամանակ, ի նկատի ունեմ 1988 թվականը, չկար բջջային հեռախոսներ կամ տեսախցիկներ և այն ամեն տեխնիկան, որն այսօր մեր կենցաղում է և ինձ համար հետաքրքիր էր ուսումնասիրել այդ գիտությունը:
Աչքերիս առջև մի պահ ամեն բան մթնեց, գլխապտույտ զգացի, փակեցի աչքերս ու փորձում էի հավասարակշռությունս պահպանել: Մտքերի արագ հոսք էր կատարվում գլխումս, հաց կերել էի առավոտյան, ուրեմն դրանից չեր կարող լինել, քանի որ քաղցի զգացողություն չունեի, դե, քանի որ երկար դասամիջոց էր ու ընկերներիս հետ վազվզում էինք երկար միջանցքում, ապա դրանից էլ չեր կարող լինել, քանի որ ոչ մի պտտվող շարժումներ չէի կատարել, որը կարող էր սրտխառնոց առաջացնել: Ականջներումս մի խուլ աղմուկ էր, դժժոց, գուլ ու ինձ թվում էր, թե սկսում եմ պարփակվել ներսումս ու հետզհետե դրսի ձայները աղոտանում էին, հիշում եմ, այսպիսի մի զգացողություն ունեցել եմ, երբ հիվանդ եմ եղել և բարձր ջեմաստիճան եմ ունեցել, հետո եմ իմացել, որ բարձր ջեմություն ունենալուց ընկել եմ ցնցումների մեջ ու զառանցել, հա, բայց մի՞թե հիմա հիվանդ եմ, որ այս նույն զգացողությունն եմ վերապրում: Ստոպ, բացեցի աչքերս, ուզում եմ ուշքի գալ, հասկանալ, թե ինչ է կատարվում, տեսնում եմ դասընկերոջս, կարծես երեխա լինի, արջի նման երկու ձեռքերը վեր է պարզել ու կարծես ցանկանում է ինձ վրա հարձակվել, ստոպ, իսկ ինքն ի՞նչու է ճոճվում ու ի՞նչու է կկոծում աչքերը, նույնը ուրիշներն են անում: Միջանցքում վառվող ցերեկային լույսերը, արագ անջատվում և նորիվ վառվում էին, մի պահ բոլորը շշմել ու իրար էին նայում, փորձում էին հասկանալ, թե ի՞նչ է կատարվում: Դասարանից դուրս վազեց ուսուցչուհին ու վախեցած բղավեց,- «Վազքով, բոլորդ դեպի փողոց» ու նետվեց դեպի աստիճանները: Մենք չփորձեցինք էլ հարցնել թե ի՞նչ է կատարվում, քանի որ այդ ճիչը անբանական էր և հրամայական, դրան հակադարձելը նման էր ինքնասպանության: Աստիճաններին հրմշտոց էր, բոլորը ջանում էին իրար վրայից ցատկել ու դուրս փախնել, արդյունքում ճանապարհը փակվել էր աստիճաններին գլորված ուսուչուհու և նրա վրա ընկած աշակերտների մարմիններով, ում վրա հետզհետե կուտակվում էին մյուսները: Ոչ ոք մյուսին չեր խնայում, կարծես անսպասելորեն ինքնապահպանման բնազդն էր արթնացել ու անկյուն քշված գազանի նման ջանում էր սեփական անձը պաշտպանել: Հիշում եմ միայն, որ աստիճաններից իջնելիս լսում էի սեփական հեվոցս ու զսպում բարկությունս, մինչև որ դուրս կգամ շենքից և այս կատակի հեղինակի հետ հարցերս կլուծեմ: Հայտնվեցի դրսում, բոլորը, ովքեր արդեն դրսում էին, փաթաթվել էին կամ ծառներին կամ էլէկտրասյուներին, վարպետ Ռաֆն աղաղակում էր, թե շլիֆովալնու իննը հարկանին էլ չկա, էլ չկա՞, ի՞նչու առաջ այդտեղ շենք է եղել, հայացքով օդի մեջ էի նայում, թե այդ շենքը ուր կարող էր անհետացած լինել ու չհասկանալով կատարվածը, ճոճալով հենարան էի փնտրում, գտա, գրկեցի էլէկտրասյունն ու միակ զգացողությունը որ հենց այդ պահին ունեի, երախտագիտությունս էր այդ սյան հանդեպ:
Մի պահ ամեն բան հանդարտվեց, չէ, պատերազմ չեր սկսվել և ոչ էլ թուրքերն էին մեզ ռմբակոծել: Երկրաշարժ էր: Լավ, էլ ի՞նչու են իրար խառնվել, սա հո առաջին անգամ չեր, ամեն անգամ, երբ ցնցում էր լինում, մեր հարևան Թաթոս պապը դուրս էր վազում ու գոռում էր երկրաշարժ է ու մեր հարևանները հանգիստ դուրս էին գալիս տներից, ոմանք էլ կանգնում էին դռան շեմին, իբր թե դա ամենաապահով տեղն էր ողջ շենքում: Հետո Թաթոս պապը իր հեղինակավոր կարծիքն էր հայտնում, որ հաստատ Թուրքիայում երկրաշարժ էր եղել: Քառորդ ժամ հետո, բոլորը ցրվում էին իրենց տները: Մի՞թե սա նման ցնցում չեր, կամ գո՞ւցե ավելին, քան Թուրքիայից մեզ հասած ցնցումներն էին:
-Ամեն մարդ թող տուն շտապի, զգույշ կլինեք, գոռում էր ուսուցչուհին,- շենքերի տակով չանցնեք, փողոցով կքայլեք:
Մտքովս անգամ չեր անցնում այն, ինչը հետո էր իմ առջև բացվելու: Իննը հարկանի շենքի մնացորդներից կախ ընկած և գլխատված կամ անդամահատված մարմիններ, փոշու վրա կաթկթացող արյուն, սպիտակ դեմքերով՝ փոշու մեջ խեղդվող մարդիկ, լաց ու կոծ, աղաղակ ու անհասցե հայհոյանքներ:
Քայլում էի փողոցի մեջտեղով, չկար ոչ մի տրանսպորտ, փողոցով աջ ու ձախ էին վազում մարդիկ, շտապում էի տուն հասնել:
Հայրս մեկնել էր գործուղման ու տանը, որպես տղամարդ, մնացել էի ես ու պատասխանատվություն էի զգում ընտանիքիս անդամների համար: Ասել, թե ամբողջովին գիտակցում էի շուրջ բոլորս կատարվող իրադարձությունները՝ սուտ կլիներ, մի տեսակ թմրած, կարծես քնի մեջ լինեի, անզգայացած ու անտարբեր, բայց այդ ամենի մեջ, հիշում էի, որ ես էլ ինչ որ տեղ ունեմ շտապելու և ես էլ պետք է ինչ որ մեկին փնտրեմ: Ի՞նչ որ մեկին, հա, մերոնց, մորս, քրոջս, եղբորս, տատիկիս ու վազեցի, քարացած ու անզգայացած սրտիցս մի զգացմունք պոկվեց, ստիպեց կոկորդս սեղմվելու ու աչքերս սկսեցին թրջվել, իսկ հետո արցունքներ հորդեցին, ես սկսեցի կատարվածի լրջությունը հասկանալ ու այն միտքը, որ կարող է հարազատներիս կենդանի չգտնեմ, խորն ու պարալիզացնող վախով պարուրեց մարմինս: Չէ, կանգ չէի կարող առնել, ոտքերս անկախ ինձանից վազում էին, թեև ուզում էի ընկնել գետնին, լացել, հողը ճանկռել, բայց հույսի մի նշույլ ստիպում էր հաջորդ քայլն անել, նայել առաջ, աչքերով փնտրել հաջորդ շրջադարձը, վազքի մեջ զարմանալիորեն կառավարելի սպասումով աղոթել, որ հաջորդ տեսարանը չսպանի հույսի նշույլս ու այդ հետաքրքրությունս՝ անբացատրելի, մի տեսակ խառը զգացողություններ, որ իրար էին միքսված, կառավարում էին էությունս:
Մեր շենքը տեղում էր, վթարային համարվող և քանդման ենթակա այդ շենքը կանգուն էր մնացել ու դիմագրավել էր ստորգետնյա ցնցումներն ու դեռ հետո էլ դիմագրավելու էր հետագա ցնցումներին և ավելի ուշ՝ տռոսով քաշող տանկերին ու միայն պայթուցիկն էր հիմնահատակ ավերելու խռուշչովյան կոչվող այդ շենքը:
Շենքի խաղահրապարակում ամբոխ էր հավաքված ու որևէ պարզաբանում ու նորություն իմանալու ցանկությամբ սպասման վիճակի և լարվածության մեջ էին գտնվում: Մեկ մեկ այդ լարվածությունը խուճապի էր վերածվում, երբ հերթական ստորգետնյա ցնցումն էր կատարվում, ու մարդիկ վախեցած սեղմվում էին հրապարակի կենտրոնում, իրար մեջք մեջքի տված, կարծես արտաքին թշնամու էին դիմավորում: Նման մի խառնաշփոթ է առաջանում էր, երբ որևէ մեկը, սպիտակ սավանի մեջ փաթաթված դիակ էր բերում տուն՝ ընտանիքի անդամին, ով չեր հասցրել ազատվել փլվող շենքից ու մարդիկ ձեռքները բերաններին դրած արտասվում էին, սրտի խորքում հուսալով, որ իրենց ընտանիքի անդամներին հաջողված կլինի փրկվել և ուր որէ նրանք կվերադառնան տուն:
Այդ գիշերը մենք անցկացրեցինք ցուրտ դրսում, կրակի շուրջ հավաքված ու այն այնքան երկար և անվերջանալի էր թվում, ես քաղց չէի զգում, բայց մտքերս պտտվում էին գազօջախին սառած թփով տոլմայի շուրջ, երևի այն պատճառով, որ վախենում էի ինքս ինձ անպատասխան հարցեր տալուց ու փորձում էի իմ մեջ գտնել ապագայի մի հույս, որը ուժ կտար հաղթահարելու հաջորդող օրերին սպասվող դժվարություններն ու փորձությունները:
Հ.Գ.
Ի դեպ, Չմեղադրեք արտագաղթողներին, Հայաստանի այսօրվա իրավիճակը ոչնչով չի տարբերվում հետերկրաշարժյան տարիներից, Մարդիկ փախչում են Հայաստանից, որպեսզի երկրորդ անգամ չկորցնեն այն, ինչն իրենց ողջ կյանքում են ձեռք բերել և հիմա ցանկանում են իրենց երեխաների ապագան ապահովել նման աղետներից կամ համարժեք երևույթներից: