▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Վարդանյան.«Պետք է մտածենք ոչ թե հեղափոխության, այլ համախմբվելու մասին»

«Ժամանակ» թերթը զրուցել է մարտաֆիլմի հերոս, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանի հետ.

- Պարոն Վարդանյան, նախկինում դեմ էիք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղափոխությանը, ժողովրդական շարժմանը, հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն է հեղափոխության կոչեր անում՝ ի՞նչ կարծիքի եք:

- Ես հեղափոխությանը դեմ եմ, մանավանդ՝ մեր պետության,  հայերիս համար, ցանկացած հեղափոխություն մեզ ավելի շատ հետ է տանելու, քան առաջ: Իմ կարծիքով՝ մենք ավելի շատ պետք է մտածենք ոչ թե հեղափոխության, այլ համախմբվելու մասին: Մեր ազգին բնորոշ է իրար չսիրելը, եւ կարծես թե մի փոքր կայծ է պետք՝ թշնամությունն ավելի մեծացնելու համար: Ես կարծում եմ, որ պետք է հանդուրժող լինենք. մենք չենք սիրում միմյանց, եւ կարծես առիթ է պետք մեր ազգին, որ մեկը մյուսին ցավեցնի, իսկ ես կարծում եմ, որ դա  սխալ է:

- Կես միլիոնից ավելի մարդ Րաֆֆի Հովհաննիսյանին է ձայն տվել, եւ այս համատարած դժգոհությունը, որ Հայաստանում կա, ըստ Ձեզ՝ եթե ոչ Հովհաննիսյանի, ապա էլ ո՞ւմ միջոցով է հնարավոր վերացնել:

- Մեզ մոտ մի վատ բան է ձեւավորվել. երբ մեկը 20 կամ 30 տոկոս ձայն է հավաքում, անպայման դուրս է գալիս փողոց եւ չի կարողանում ընդունել իր պարտությունը: Պետք է անպայման ժողովրդին ոտքի հանեն՝ իրավիճակը սրելու ու անդորրը խախտելու: Պարտությունն ընդունում է ուժեղ մարդը: Մեկը կհաղթի, մեկը կպարտվի. պետք է ընդունել պարտությունը: 10 տոկոս ձայն  էլ հավաքեն, անպայման դուրս են գալիս փողոց՝ հանրահավաքներ եւ այլն կազմակերպում: Չգիտեմ, իմ կարծիքով՝ այդ ամենն ազդում է երկրի վրա:

- Կարծում եք, թե ընտրությունները չե՞ն կեղծվում, եւ նրանց պահանջն արդարացի՞ չէ:

- Մարդիկ լավ օրից չէ, որ գնում են հանրահավաքների: Կա մարդկանց որոշակի հատված, որը լավ չի ապրում, հացի խնդիր ունի, ես հասկանում եմ մարդկանց՝ եթե մարդը հացի խնդիր ունի, բնականաբար՝ պետք է բոյկոտի, բայց ես այդ հեղափոխական տրամադրություններին մի փոքր դեմ եմ, կարելի է այդ ամենը մի փոքր այլ կերպ անել: Եկեք մտածենք, համախմբվենք իրար հետ, տեսնենք՝ ոնց կարող ենք մեր երկրին պիտանի լինել, ի՞նչն է սխալ:

- Բայց Հայաստանում իշխանության եւ ընդդիմության համախմբում հիմա հնարավո՞ր է:

- Ես ճանաչում եմ եւ՛ Սերժ Սարգսյանին, եւ՛ Րաֆֆի Հովհաննիսայնին. նրանք երկուսն էլ շատ հայրենասեր անձնավորություններ են, մեծ դիվանագետներ, եւ կարծում եմ՝ կարող են համախմբվել:

- Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են Հայաստանում, Դուք էլ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ սպորտի եւ մշակույթի գծով խորհրդականն էիք, հնարավո՞ր է որեւէ կերպ մասնակցեք:

- Նման որոշում չեմ կայացրել, դեռ ոչ մի կուսակցության մեջ մտնելու հեռանկար չեմ տեսնում,  ապագայում չգիտեմ՝ ինչ կլինի, բայց այս պահի դրությամբ նման բան չկա:

- Մամուլում այսօր լուրեր են շրջանառվում, որ Ձեր մտերիմներից Սեդրակ Քոչարյանն է (Ռոբերտ Քոչարյանի որդին) պատրաստվում ԲՀԿ ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

- Ես առաջին անգամ Ձեզնից  լսեցի այդ մասին, ես, այո՛, իր հետ շատ մտերիմ եմ, լավ ճանաչում եմ իրեն, որպես անձնավորություն՝ միայն դրականը կարող եմ ասել: Ինչու ոչ՝ թող մասնակցի, ես միայն կողջունեմ, որովհետեւ անձամբ ճանաչում եմ իրեն եւ կարող եմ ասել, որ նա շատ լավ ու համեստ մարդ է: Իր պահվածքի եւ համեստության համար իրեն բոլորը հարգում ու սիրում են: Տա Աստված, որ բոլոր պաշտոնյաների տղաները ունենան Սեդրակ Քոչարյանի 10 տոկոսի չափ համեստություն:

Ինձ համար միեւնույնն է թե որ կուսակցությունից կորոշի մասնակցել՝ ես միայն կողջունեմ»,- մեջբերում է թերթը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее