Մեր ժամանակների ամենալացկան ասֆալտային հարցերը հաճախ լռեցնում են հայ ոգու կանչը, որ ամեն աքլորականչի արթնանում ու դարպասն անփութորեն բաց թողնելով` շտապում է վշտից կռացած, որբացած այգիները: Իսկ ժամի զանգերը կոչնակ են դարձել` և՛ պայքարի, և՛ խաղաղության, ինչպես արևն է անդավաճան ծագում ու մայր մտնում` և՛ պատերազմի, և՛ խաղաղության համար...
Լեռների ծոցում ծվարած Տավուշ աշխարհը պատմամշակութային հուշարձանների ու կոթողների օջախն է, խորհրդային շրջանում տնտեսապես ամենազարգացած տարածաշրջաններից մեկն է եղել, հետպատերազմյան շրջանում արդեն`տնտեսական, մշակութային խոր նահանջ ապրող ամենաաղքատ մարզերից մեկը: Եվ գուցե պատերազմական շրջանում ստեղծված վտանգներն ու ռիսկերը ապահովություն փնտրող հայությանն այնքան մեծ թափով օտար ափեր չնետեցին, որքան մեր օրերի տնտեսական աղքատությունը: Այժմ արտերկրում հաստատված հայ բարերարները հայրենի բնօրրանի կանչով մեծ ներդրում ունեն դարեր շարունակ հոգևոր ու մշակութային կենտրոն համարված, սակայն վերջին երկու դարերի ընթացքում արդեն հոգևոր նահանջ ապրած տարածաշրջանի եկեղեցաշինության մեջ: Դա հոգևոր վերածննդի ու առաջընթացի ազդակն է, սակայն տարածաշրջանում մեծ մշակութային տեղաշարժերի համար անհրաժեշտ են հետևողական ու մեծ ջանքեր: Մեծ ջանքեր պահանջող այս հարցերի հաղթահարման երկար ճանապարհին, ի թիվս տարածաշրջանում գործող բարեգործական այլ կազմակերպությունների, կանգնել է Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակը` աշխարհասփյուռ հայության բարի կամքի «դեսպանը» Հայաստանում: Շրջելով սահմանամերձ գյուղերում` թիմն առիթ ունեցավ կանգ առնելու բազում փակ դարպասների առջև, մինչդեռ գյուղ գնալու նպատակը երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցությունն էր: Եվ այնպես է ստացվել, որ սահմանի վրա հարաբերական դադարները չեն դառնում շինականի ապահովության երաշխիքը, բայց և չեն դադարում լինել նրա ինքնահաստատումի, հայ ոգու անսպառ ինքնավերարտադրության, ինքնավերածնության խթանը: Թեև վտանգները չեն վերացել, բայց հայ շինականը էլի իր բույնն է հյուսում սահմանի պռնկին. իր հողն է պահում: Ու կան պայթյուններ, որ տուն են բերում, ու կան պայթյուններ, որ հայրենիքին զինվոր պարգևած մորը, ով ամեն խաղաղ արևածագի ու մայրամուտի ծնկաչոք մատուռ է գնում, իր տաշտը թողած` չոքեչոք սահմանի պռունկն են տանում:
Ու էլի մանուկ ծնվեց... Բացեք դարպասները, օջախս լացի է կարոտ, մանկան լացի...
Քաջե՛ր, հարսները ուխտի են ելել, զարկե՛ք կոչնակը ձեր արծվաբույնը մանկան լացով պիտ լցվի... Ու մանկան խինդով... Թարմ լավաշի բույր եմ առնում...
Ու ժամի զանգերը կոչնակ են դարձել` և՛ պայքարի, և՛ խաղաղության...
Նյութը գրելու առիթը 16-ամյա Նարեկ Զարգարյանի հեղինակային ֆիլմն էր` նվիրված Մովսես գյուղին:
Հեղինակ` ԵՐԵՔՆՈւԿ