Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Անտոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի գողության հատկանիշներով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Լճավան գյուղի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Մարտիրոսյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 4-ի գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու և պատուհանի փեղկը բացելու միջոցով ներս են մտել իր տուն և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, 1 մլն 200 հազար դրամ և 2800 ԱՄՆ դոլար:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողունն ու հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ս. Մարտիրոսյանը Լճավան համայնքի ղեկավարի տեղակալն է: