Շաբաթ օրը, ժամը 22:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանը եւ նրա մտերիմները, հենց քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակին հարող տարածքում, դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:
Այս մասին գրում է «Առավոտ»-ը, որի թղթակցի հետ զրույցում ականատեսները պատմել են, որ 01 084 պետհամարանիշով «Օպել-Վեկտրա» մեքենայի վարորդը վազանց է կատարել Էջմիածնի կենտրոնական փողոցով սլացող Նորիկ Միրզախանյանի` «Կառտոլ Նորոյի» մեքենային:
Վերջինս չի հանդուրժել այդ հանդուգն արարքը, կանգնեցրել է վազանց կատարած մեքենան, վարորդին քարշ տալով հանել մեքենային եւ հայհոյանքների ու հարվածների տարափ տեղացել:
Քանի որ դեպքը կատարվել է գեներալ Մանվելին պատկանող սրճարանի մոտերքում եւ գեներալի թիկնազորայիններն էլ հավանաբար եղել են սրճարանում, շատ արագ վրա են հասել եւ «իր պատիվը պաշտպանելու» գործում օգնել «Կարտոլ Նորոյին»:
Շատ արագ դեպքի վայր են եկել «045»-ով մեքենաներ եւ մոտ 10 րոպե այդ երիտասարդին ծեծել են: Վերջինս ինքնապաշտպանվել է` որքան որ հնարավոր է եղել: Ականատեսներից ոչ ոք չի համարձակվել միջամտել` լավ հասկանալով, որ նույն ճակատագրին ինքն էլ է արժանանալու:
Ծեծված երիտասարդի ճակատագրի եւ դեպքի այլ մանրամասներ առայժմ չի հաջողվել ճշտել:
Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է:
Ասում են, գեներալն ամեն կերպ պաշտպանում է Նորիկին:
Նորիկ Միրզախանյանի անունը վերջերս շոշափվել էր հերթական սկանդալային պատմության մեջ. նրա ավտոմեքենայից իրավապահներ թմրանյութ էին հայտնաբերել:
Այս պատմությունից էլ չոր դուրս գալու հարցում, ասում են, գեներալ Մանվելի միջամտությունն է եղել: