Եթե Տեր Աստված մի պահ մոռանար, որ ես քրջե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք պարգևեր, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչը մտածում եմ, ավելի շուտ ես կմտածեի այն մասին, թե ինչ եմ ասում: Ես իրերը կգնահատեի ոչ թե իրենց արժեքով, այլ նշանակությամբ: Ես քիչ կքնեի, երկար կերազեի՝ գիտակցելով, որ փակ աչքերով ամեն մի վայրկյանը վաթսուն վայրկյան լույսի կորուստ է: Ես կքայլեի, երբ ուրիշները հրաժարվում են քայլել, ես կարթնանայի, երբ ուրիշները քնում են, ես կլսեի, երբ ուրիշները խոսում են: Եվ ի՜նչ հաճույք կստանայի շոկոլադով պաղպաղակից: Եթե Տերը ինձ մի քիչ կյանք տար, ես կհագնվեի պարզ, վեր կկենայի արևի առաջին իսկ շողերի հետ` մերկացնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս: Աստվա՛ծ իմ, եթե գոնե մի քիչ ժամանակ ունենայի, ես իմ ատելությունը կսառցապատեի և կսպասեի, թե երբ արևը կծագի: Ես կնկարեի աստղերի ներքո, ինչպես Վան Գոգը, կերազեի` կարդալով Բենեդետիի բանաստեղծությունները, և Սեյրայի երգը կդառնար իմ լուսնային սերենադը: Վարդերը ես կցողեի իմ արցունքներով, որպեսզի զգայի նրանց փշերի ցավը և նրանց թերթիկների կարմիր համբույրը: Աստվա՛ծ իմ, եթե միայն ես մի քիչ կյանք ունենայի… Մեկ օր անգամ բաց չէի թողնի, որպեսզի սիրեի մարդկանց, որպեսզի նրանց հայտնեի իմ սիրո մասին, յուրաքանչյուր տղամարդու և կնոջ կհամոզեի, որ սիրում եմ իրեն, սիրով կապրեի սիրո մեջ: Մարդկանց ես կապացուցեի` որքան սխալ են, երբ մտածում են, թե ծերության հետ մեկտեղ իրենք դադարում են սիրել: Ընդհակառակը, նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել: Երեխային ես թևեր կտայի, և ինքս էլ նրանց կսովորեցնեի թռչել: Ծերունիներին կսովորեցնեի, որ մահը վրա է հասնում ոչ թե ծերությունից, այլ մոռացումից: Մարդիկ, չէ՞ որ ես ևս ձեզանից շատ բան եմ սովորել: Ես իմացա, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է ապրել լեռան կատարին՝ գլխի չընկնելով, որ իսկական երջանկությունը նրան սպասում է վայրէջքի ժամանակ: Ես հասկացա, որ երբ նորածինն առաջին անգամ իր փոքրիկ թաթիկով բռնում է հոր մատը, նա այն բռնում է մեկընդմիշտ: Ես հասկացա, որ մարդը մարդուն վերից վար նայելու իրավունք ունի սոսկ այն նպատակով, որպեսզի օգնի նրան ոտքի կանգնելու: Այնքա՜ն բան եմ ես ձեզանից սովորել, բայց, ճիշտն ասած, այդ ամենի օգուտը քիչ է, որովհետև, դրանցով լիքը լցնելով սնդուկը, ես մեռնում եմ…
Գաբրիել Գարսիա Մարկես` Ես հեռանում եմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet