«Իմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։
Նշենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր արձագանքել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որով ՀՀԿ-ական քաղաքական գործիչը նկատել էր՝ Ֆրանսիայի դեսպանի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի մասին գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։
Դեսպանն իր արձագանքում մասնավորապես հասկացրել էր, թե հրապարակումը, որին հղում է արվել Էդուարդ Շարմազանովի կողմից, ամենևին չի վերաբերել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այլ ընդամենը վերահաստատել է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ոչ առաջին, և ոչ էլ վերջին դեսպանն է, որ համաձայն չէ իր կարծիքին։
«Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացում ես բացառապես պաշտպանել ու պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու հայության շահերը, և այս ընթացքում Ֆրանսիայի դեսպանն առաջինը չէ դեսպաններից, որ համամիտ չի եղել իմ կարծիքի հետ, բայց դրանից իմ գործունեությունը, կարծիքն Արցախյան հարցի, Հայաստանի անվտանգության, անկախության, մեր կարմիր գծերի առնչությամբ չի փոխվել»։
Անդրադառնալով դեսպան Դըկոտինյիի տեքստում տեղ գտած այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են «խաղաղությունը» և «խաղաղության գործընթացը», ՀՀԿ-ական գործիչն ընդգծեց, որ թեև Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, այդուհանդերձ, նման տեսակետները մոլորություն են։
«Հայաստանի ադրբեջանացման գործընթացը խաղաղության օրակարգ անվանելը կա՛մ իրականության հետ կապերի խզում է, կա՛մ ՀՀ պետական շահի չեզոքացման քավորություն։ ՀՀ շահերից խոսելուց առաջ՝ լավ կլիներ հիշեր, որ Արցախը Նիկոլը հանձնել է Արևմտյան հարթակում 2022 թվականի հոկտեմբերին՝ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ։
Եվ վերջում, որպես պատմաբան՝ լուսավորեմ հարգարժան դեսպանին՝ որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի՝ ադրբեջանացման օրակարգն է խաղաղության, ու որքան Պետենի ջանքերն էին խիզախ, այնքան էլ՝ Փաշինյանի»,- պարզաբանեց Էդուարդ Շարմազանովը։
Հարցադրմանը՝ արդյո՞ք ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ է դեսպանը փորձել Ձեր գրառումն օգտագործելով՝ սրբագրել իր գրառումը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանեց․
«Միգուցե։ Ես շատ հստակ եմ ասել․ Փաշինյանն է, չէ՞, նոյեմբերի 22-ին «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսել, Ալիևը մի քանի տարի է՝ «Արևմտյան Ադրբեջան» է ասում, ոչ մի բան չեն խոսում, ու հենց Փաշինյանն է ասում, դեսպանը գրառո՞ւմ է անում»։
«Հարգարժան պարոն դեսպանին իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կարծիքս տարածելու համար, որ իր գրառմամբ մարդկանց օժանդակել է՝ ավելի շատ կարդան ու Փաշինյանի ազգակործան քաղաքականության մասին ևս մեկ անգամ իմանան»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը։