Հայտնի է ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը:
News.am-ն է գրում ու նշում, որ ԱՄՆ-ում բնակվող նրա հարազատները հայտնել են, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել:
Դեպքի առթիվ կատարվել է հետաքննություն, որպես երրորդ կողմ ներգրավվել են անկախ բժիշկներ, ովքեր հաստատել են, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել: Դիահերձման եզրակացության մեջ եւս նշված է, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար (accident): Հերքվել են բոլոր այն վարկածները, թե հնարավոր է` հայտնի երգչուհին հիվանդ է եղել, քաղցկեղ է ունեցել, երիկամների խնդիր է ունեցել կամ էլ գիրությունն է պատճառ եղել եւ այլն: Հարազատները նորից շեշտեցին, որ երգչուհին առողջ է եղել, կյանքում դեղ խմած չկա:
Հարազատների փոխանցմամբ`լեղապարկի վիրահատությունից հետո երգչուհու մոտ սկսվել է ներքին արյունահոսություն, սեփսիս, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Սեփսիսն արյան վարակումն է, այն իրենից ներկայացնում է ծանր վարակային հիվանդություն, որն առաջանում է, եթե թարախածին մանրէները թարախային բորբոքման տեղային օջախից տարածվում են հիվանդի բոլոր օրգանների ու հյուսվածքների մեջ: Դրա առաջացման պատճառ կարող է դառնալ վարակված վերքը, ինչպես նաև թարախային օջախը: Հարազատները նշել են, որ վիրահատության ժամանակ ինչ-որ քայլեր կային, որոնք պետք է արվեին, սակայն չեն արվել: Այժմ հետաքննության տվյալները ամփոփվում են, համապատասխան փաստաթղթերը իմի են բերվում, որպեսզի մոտակա ժամանակում, հավանաբար մինչեւ ամսվա վերջ, դիմեն դատարան:
Ըստ տեղեկությունների` Ֆլորա Մարտիրոսյանին «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում վիրահատողները երկու հայ բժիշկներ էին:
Ի դեպ, Ֆլորա Մարտիրոսյանի մահվանից հետո կտրուկ վատացել էր նաեւ նրա ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը, որը դեռեւս չի կայունանում: Հարազատները նշեցին, որ նա թոքերի խնդիր ունի, պարբերաբար հիվանդանոց է այցելում եւ բուժումներ ստանում:
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր: