Նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, նա կդառնար 55 տարեկան:
Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը
«Անունս Մոնթե է: Ծնվել եմ 1957 թվականի նոյեմբերի 25-ին` Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում: Ընտանիքի 3-րդ երեխան էի: Մորս ծնողները Արևմտյան Հայաստանից Ֆրեզնո տեղափոխված առաջին հայերից էին: Մորական պապս Ամերիկա եկավ, քանի որ թուրքերը բացահայտեցին ազատագրական այն գաղտնի խմբակը, որի անդամն էր պապս: Դպրոցական տարիներս շատ աշխույժ անցան. բեյսբոլ էի խաղում, կլարնետ նվագում, աշակերտների խորհրդի նախագահ էի: 15 տարեկանում դպրոցական փոխանակման ծրագիրն ինձ հասցրեց Ճապոնիա: Այստեղ մի տարի ուսանեցի ճապոներեն ու ռազմարվեստ:
Հետո ճակատագիրն ինձ տարավ Վիետնամ, որտեղ նոր-նոր էր սկսվում ազատագրական շարժումը: Վերադառնալով ԱՄՆ ստացա բարձրագույն կրթություն: 78-ին մասնակցեցի Հայոց ցեղասպանության 65-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի կազմակերպմանը: Ուսումս ավարտելուց հետո որոշ ժամանակ հանգրվանեցի Իրանում, ապա տեղափոխվեցի Բեյրութ:
Այստեղ ծանոթացա ապագա կնոջս` Սեդայի հետ: Հաջորդ 2 տարիների ընթացքում մասնակցեցի Լիբանանում ընթացող քաղաքացիական կռիվներին: 80 թվականի գարնանը դարձա ԱՍԱԼԱ-ի մարտիկ: Մասնակցեցի ԱՍԱԼԱ-ի մի շարք գործողությունների, որոնցից ամենահայտնին “ՎԱՆ” գործողությունն էր, երբ մի քանի տղաներով ներխուժել էինք Փարիզում գտնվող թուրքական դեսպանատուն: Ապա սկսվեց անվերջ ձերբակալությունների մի շրջան: Ի վերջո, բազմաթիվ բանտերից ազատվելով, 91-ին եկա Հայաստան: Հայաստանն այդ ժամանակ ահավոր վիճակում էր… երկրին տիրել էր շովինիզմը: Հասկանալով, որ չեմ կարող ոչինչ փոխել նյութապաշտության մեջ գտնվող Երևանում, ուժերս ուղղեցի դեպի Արցախ: Արցախից էր կախված ամբողջ Հայաստանի ապագան: Տեղափոխվեցի Արցախ: 91-ի վերջում անցա Շահումյանի շրջան ու 3 ամիս կռվեցի այնտեղ: Հետո հասկացա, որ էս արցախյան գոյամարտի ամենաճակատագրական ժամանակահատվածն էր: Հետո արդեն կռվեցի Քելբաջարում, տեղափոխվեցի Մարտունու շրջան:
93-ի հունիսի 12-ն էր: Կեսօր: Մոնթեի Տղերքը կռվում էին Ֆերզուլի գյուղի մոտ: Մարտական ընկերոջ` Կոմիտասի հետ մեքենայով շտապում էր հասնել ընկերներին: Հեռվում մի զրահամեքենա երևաց: Նրանց թվաց, թե հայերն են, բայց ըստ վարկածների թուրքերն էին…»
Կապրենք... ու երբ էլ չենք լինի մենք,
Մեր երգը կապրի սերնդէ-սերունդ.
Կապրի ... ու կը յիշեն նրանք մեզ,
Եւ ժպիտը կը յորդի նրանց շուրթերից,
Իսկ թէ չլինի ժպիտն էլ նույնիսկ,
Թող արցունքը չհոսի նրանց աչքերից:
Վիգեն ԶԱՐԳԱՐՅԱՆԻ գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից